Լավրովը պատասխան ստանալու համար չի գալիս Հայաստան. Շավարշ Քոչարյան
«Լավրովը ոչ թե գալիս է պատասխան ստանալու համար, այլ իր այցն է, որտեղ քննարկվելու է մեր հարաբերությունների լայն շրջանակ, և բնական է, այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո չի կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի մասին:
Լրագրողների դիտարկմանը, որ ռուսական «Известия» պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ սեղանին հատուկ փատաթուղթ կա դրված, Շավարշ Քոչարյանն արձագանքեց, որ տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունն իրականությունից հեռու է. «Ռուսական լրատվամիջոցների մի մասը տպագրում է, որոշ պնդումներ ունի, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Պետք է առաջնորդվել ոչ թե, այսպես ասած, լրատվամիջոցներով, այլ՝ պաշտոնական հայտարարություններով, հաղորդագրություններով»:
Շավարշ Քոչարյանն ասաց, որ բանակցությունների հետ կապված Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել. «Ավելին ասեմ՝ ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախելով արդեն առկա երեք համաձայնագրերը: Եվ բնական է՝ արդեն ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից: Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել: Այսինքն՝ զինադադարը պետք է պահպանվի: Հաջորդը՝ պետք հաշվի առնել, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը, ի հակառակ իր իսկ միազգային պարտավորության (իսկ եռակողմ համաձայնագրերը միջազգային պարտավորություններ են), կարող է խախտել: Հետևաբար՝ ապագայում էլ ցանկացած փուլում նա կարող է հետ կանգնել իր իսկ ստորագրությունից: Այդ տեսակետից այդ բոլորը պետք է հստակ հաշվի առնել, երբ խոսքը վերաբերում է կարգավորման գործընթացին»:
Դիրքորոշումը հստակեցնելու վերաբերյալ հարցին Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Այն, ինչ առաջարկել են համանախագահները, իհարկե, հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ: Ես ձեզ ավելին ասեմ: Տեսեք՝ կա հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե, տարօրինակ էր, երբ արդեն եղել է հանրաքվե, ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լիովին համապատասխան և միջազգային իրավունքի, և այն ժամանակ գործող Խորհրդային Միության Սահմանադրությանը, օրենքներին, կազմակերպել է հանրաքվեն, իր կամարտահայտությունը հստակ արտահայտել է:
Ո՞րն էր հետաձգված հանրաքվեի իմաստը: Ըստ միջնորդների՝ դա ուղղված է նրան, որ, այդպես ասած, Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը մատուցել, հրամցնել, որովհետև հանրաքվեի արդյունքը, ելնելով այն պայմաններից, որոնք նախապես համաձայնեցված են, գրեթե հասկանալի էր, կանխատեսելի էր:
Բայց այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ Բաքուն ոչ թե օգտագործում է այդ ժամանակը հենց դեմքը փրկելու համար, ավելի ճիշտ՝ իր ժողովրդին բացատրելու համար դրա անխուսափելիությունը, այլ գործում է հակառակ ուղղությամբ: Սա արդեն ստիպում է այդ հարցերում բանակցել այլ մոտեցումների մասին: Եվս մի բան ավելացնեմ՝ չի կարող լինել որևէ նոր մոտեցում, որն Ադրբեջանը կարող է ընկալել՝ որպես իր իրականացրած ագրեսիայի խրախուսում: Եվ այդ հարցում մենք պետք է լինենք և լինելու ենք շատ հետևողական» :