Գորբաչովը Օբամային և Պուտինին կոչ է արել հանդիպել հանուն Ուկրաինայի
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը կոչ է արել ռուս և ամերիկացի նախագահներին հանդիպել՝ քննարկելու Ուկրաինայի արևելքում առաջացած ճգնաժամը:
Այս մասին նա գրել է «Ռուսկայա գազետայի» իր հոդվածում:
Նրա կարծիքով՝ Եվրոպան կարող է չդիմանալ «ևս մեկ սառեցված հակամարտության»:
«Դարձյալ դիմում եմ նախագահներ Օբամային և Պուտինին (առաջին անգամ դիմել եմ 2014թ. հունվարին)՝ կոչ անելով հանդիպել ու քննարկել այդ շարունակվող ճգնաժամը»,- գրել է Գորբաչովը:
Նրա կարծիքով՝ Դոնբասում ճգնաժամի կարգավորման հարցում տեղաշարժեր չկան, հակամարտության կարգավորման ներկայիս մեխանիզմները վատ են աշխատում:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Մինսկի համաձայնագրերից և «նորմանդյան քառյակից» չի կարելի հրաժարվել:
Նա կոչ է արել խթանել նրանց աշխատանքը ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով կամ ստեղծել «ինչ-որ այլ մեխանիզմներ»՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
«Չի կարելի թողնել ուկրաինական ճգնաժամը՝ որպես թարախապալար, որը տենդ կառաջացնի Եվրոպայում և աշխարհում: Եվս մեկ «սառեցված հակամարտության» Եվրոպան կարող է չդիմանալ»,- ընդգծել է Գորբարչովը: