Թուրքիայի պատվիրակությունը ՌԴ-ում կքննարկի բուսական արտադրատեսակների մատակարարման հետ կապված խնդիրները
Թուրքիայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Ռուսաստանում թուրքական բուսական արտադրատեսակների մատակարարման հետ ստեղծված իրավիճակը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն:
«Մենք թուրքերին հրավիրել ենք մեզ մոտ, նրանք համաձայնել են կատարել այդ այցը: Բանակցությունները կանցկացվեն Մոսկվայում՝ հաջորդ շաբաթ: Դրանցում քննարկվելու է բուսական արտադրատեսակների մատակարարման անվտանգության ապահովման հարցը, ներառյալ՝ լաբորատոր ստուգումները, ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է նման դեպքերում»,- ասել է Ալեքսեենկոն:
Նա հիշեցրել է, որ «Ռոսսելխոզնադզորը» իրավունք ունի նոր սահմանափակումներ կիրառել թուրքական բուսամթերքի նկատմամբ, ու նման սահմանափակումները չեն բացառվում:
Ռուսաստանը 2016թ. հունվարի 1-ից արգելել է Թուրքիայից ներկրել բանջարեղեներ և մթերք, այդ թվում՝ ցիտրուսայիններ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, լոլիկ, սոխ, բրոկոլի, վարունգ: Էմբարգոյի տակ էին հայտնվել նաև հավերը, հնդկահավերը, աղը, մեխակը: