Լավրովի պլանին սպասելիս. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսական մամուլն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ այսօր ծրագրված այցի նախօրեին ինտենսիվ հանդես է գալիս ԼՂ խնդրի առնչությամբ հրապարակումներով: «Նեզավիսիմայա գազետան» հայտնում է, որ քննարկվում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, ինչը, ըստ հրապարակման` նախատեսում է բուֆերային գոտու հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին, փախստականների վերադարձ, խաղաղության պայմանագրի ստորագրում, խաղաղապահ ուժերի տեղակայում, իսկ ԼՂ-ի կարգավիճակը, այս փուլում չի կարող որոշվել, քանի որ կողմերից մեկի օգտին որեւէ որոշման պարագայում` մյուս կողմը երես կթեքի Ռուսաստանից:
Իսկ «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ Կազանում տապալված ճանապարհային քարտեզը նախատեսում էր ԼՂ-ի շուրջ տարածքների հանձնումը Ադրբեջանին, որոնք պարբերականը որակել է որպես` «Հայաստանի կողմից զավթված ադրբեջանական շրջաններ»:
Խոսքը ամբողջությամբ Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլուի եւ Քելբաջարի, ինչպես նաեւ մասամբ՝ Ֆիզուլիի, Աղդամի եւ Լաչինի շրջանների մասին է: Բացի այդ, ըստ ճանապարհային քարտեզի, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է իրար կապեր Լաչինի միջանցքը, իսկ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց կայանալիք հանրաքվեի ժամանակ, բայց նախ պետք է վերադառնային բոլոր փախստականները:
«Կոմերսանտը» հղում է արել Հայաստանի կառավարությունում իր անանուն աղբյուրին՝ նշելով, թե ԼՂ-ի շուրջ շրջանները հայկական ուժերը գրավել են, որպեսզի հետո վերադարձնեն դրանք Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության երաշխիքների եւ անկախության ճանաչման դիմաց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: