Բաժիններ՝

«Ավրորային»
 նվիրված Սերժ Թանկյանի ստեղծագործությունը կհնչի ապրիլի 24-ին

«Ավրորայի երազանքը»՝ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի ստեղծագործությունը՝ նվիրված «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին:

«Ավրորա» մրցանակը կշնորհվի Երեւանում, 2016 թվականի ապրիլի 24-ին: Մրցանակն սկիզբ է առել 100 LIVES նախաձեռնությունից, որի հիմքում Հայոց ցեղասպանության ընթացքում մարդկային կյանքերի փրկության եւ հերոսության ոգեշնչող պատմություններ են:

Այս թեման հոգեհարազատ է Թանկյանին, քանի որ նրա ընտանիքը չէր փրկվի առանց ամերիկացի միսիոներների, որոնց հիմնած մանկատանն է մեծացել նրա պապիկը: Թանկյանի մորական տատիկը՝ Վարսենիկը, կոտորածներից փրկվել էր թուրք մայորի խիզախության շնորհիվ, որն իր կյանքը վտանգեց նրան ու նրա ընտանիքը թաքցնելու համար: Այդ թուրքը հրաժարվեց կատարել կառավարության՝ հայերին սպանելու եւ արտաքսելու հրամանները. նրա նման ազնիվ շատ մարդիկ սպանվեցին՝ Օսմանյան իշխանություններին չենթարկվելու պատճառով:

«Վերջին տարիների ընթացքում բոլոր իմ ստեղծած երգերից «Ավրորայի երազանքը» ամենասիրելին է: Ես ուրախ եմ, որ այն ստեղծվել է 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության համար, որն հիանալի գործեր է անում՝ ուշադրություն հրավիրելով ավերիչ ողբերգությունների վրա եւ կարեւորելով այդ իրադրությանն արձագանքող իրական հերոսներին»,- նոր երգի մասին ասել է Սերժ Թանկյանը:

100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը նշել է. «Մենք շնորհակալ ենք Սերժին՝ իր արվեստով մեր նախաձեռնությանը նպաստելու համար: Այս հիանալի ստեղծագործությունը նրա խոնարհումն է Ավրորային՝ այն կնոջը, որի անունով է կոչվում մրցանակը: Նա առաջիններից էր, որ աշխարհում բարձրաձայնեց 1915 թվականին տեղի ունեցած վայրագությունների եւ իր փրկության մասին: «Ավրորա» մրցանակի միջոցով մենք ուզում ենք բարձրաձայնել այն հերոսների մասին, որոնք այսօր են խիզախաբար կյանքեր են փրկում ամբողջ աշխարհում»:

100 LIVES նախաձեռնության մասին

100 LIVES համաշխարհային նոր նախաձեռնության հիմքում Հայոց ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել 1.5 միլիոն հայ։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են խիզախ մարդկանց եւ հումանիտար հաստատությունների օգնության շնորհիվ։ Մեկ դար անց 100 LIVES նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը:

100 LIVES-ը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ձեռնարկումն է: IDeA հիմնադրամը խրախուսում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարը՝ ոչ առեւտրային երկարաժամկետ ծրագրերում ներդրումներ կատարելու եւ դրանց հետագա կայուն ընթացքն ապահովելու միջոցով:

The Aurora Prize for Awakening Humanity/ «Ավրորա» մրցանակի մասին

Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, որոնք փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով:

Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Էլի Վիզելը, Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու բարերար Ջորջ Քլունին։

«Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս