«Ցանկացած համախմբման դեպքում հակադարձ ուժն էլ մոբիլիզացնում է իր ռեսուրսները». Միքայել Մելքումյան

Ինչպես հայտնի է, կիրակի օրը տեղի ունեցան Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրություններ, որի արդյունքում վերընտրվեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանը: Նշենք, որ նա հավաքել է 13079 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը հավաքել է 11506 ձայն: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց, որ չեն պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները, քանի որ իրենց հաջողվել է պահել բոլոր ձայները:

Հաշվի առնելով ձայների այսքան քիչ տարբերությունը՝ 168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ արդյոք ընդդիմության համախմբման և միասնական թեկնածուով հանդես գալու դեպքում ընդդիմության թեկնածուն հաղթելու ավելի մեծ շանսեր չէ՞ր ունենա:

Ի պատասխան՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ բոլոր դեպքերում ցանկացած համախմբում միշտ էլ ավելի հեշտացնում է հաղթանակի գործը. «Բայց պետք է հաշվի առնենք, որ մենք ապրում ենք Հայաստանի իրականության մեջ, և ցանկացած համախմբման դեպքում, չէ՞ որ հակադարձ ուժն էլ մոբիլիզացնում է իր ռեսուրսները, որպեսզի համախմբմանն այնպես հակազդի, որ ինքն էլ իր հերթին՝ տանի, այսինքն՝ ցանկացած համախմբում հակառակ վերահամախմբում է ենթադրում: Այնպես որ, դա հարաբերական է»:

2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը Մ. Մելքումյանը դեռևս վաղ է համարում. «Արհեստական համախմբումներն էլ կարող է օգտակար բան չտան, համախմբումները պետք է լինեն գաղափարների, ծրագրերի շուրջ: Կարծում եմ՝ Հայաստանում ոչ թե ընտրության օրն է հարց լուծվում, այլ մինչև այդ պետք է մթնոլորտ փոխվի, հենց մթնոլորտը փոխվի, և վստահություն լինի, ընտրության օրը կլինի ուղղակի շարունակությունն այդ փոփոխված վստահության մթնոլորտի»:

Տեսանյութեր

Լրահոս