ԳԱԱ-ն հայտարարություն է ընդունել ԼՂՀ դեմ ռազմական գործողությունների կապակցությամբ

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովն ապրիլի 20-ին ընդունեց հայտարարություն Արցախի դեմ ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Հայտարարության մեջ ասված է. «ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրա­պետության կողմից սույն թվականի ապրիլի 2-ի լույս գիշերը արցախա­ադրբե­ջանական սահմանի ողջ երկայնքով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունը, որի հետևանքով զոհվեցին զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Այդ ընթացքում հրետակոծությունից անմասն չմնացին նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերը: Ռազմական ագրեսիայի միջոցով Ադրբեջանը ձգտում էր վերազավթել բոլշևիկյան կուսակցության Կովկասի բյուրոյի ապօրինի որոշմամբ 70 տարի Ադրբեջանի կազմում օկ ուպացված և 1991 թ. իր անկախությունը հռչակած Արցախը և ավարտին հասցնել արցախահայության նկատմամբ իր կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող ցեղասպանական քաղաքակա­նությունը:

Ադրբեջանի այս սադրանքն իրականացվել է Թուրքիայի անմիջական ուղղորդմամբ և աջակցությամբ, ինչի մասին վկայում են այդ երկրի ղեկավարների մի շարք հայտա­րարություններ: Այսպիսով մեկ անգամ ևս հաստատվեց թուրք-ադրբեջանական հակա­հայկական գործակ­ցությունը, որն ուղղված է նաև ողջ քաղաքակիրթ հանրության դեմ:

Հայաստանի գիտնականներն ակնկալում են խնդրի նկատմամբ միջազգային հանրության անաչառ ու հասցեական վերաբերմունքը: Մինսկի խմբի անդամ համանա­խագահողները պետք է հանդես գան այս ագրեսիան սանձազերծող կողմի՝ Ադրբեջանի գործելակերպի դատապարտմամբ:

Տարակուսելի է, որ տեղի ունեցածի նկատմամբ համարժեք արձագանք չեղավ Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ անդամ երկրների կողմից։

Նման պայմաններում լիովին հասունացել է ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման ու նրա հետ ռազմական դաշինքի կնքման անհրաժեշտությունը:

Դիմում ենք միջազգային գիտական հանրությանը՝ ակնկալելով նրա աջակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման գործում։

Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունը բանակցային գործընթացում ԼՂՀ-ն լիիրավ կողմ ճանաչելու հարցում։

Հույս ենք հայտնում, որ միջազգային և համաշխարհային գիտական հանրությունը համարժեք գնահատական կտա ագրեսոր Ադրբեջանի կողմից հայ խաղաղ բնակչության և զինվորականության նկատմամբ իրականացված աննախա­դեպ ու ան­մարդ­­կային վայրագություններին։

Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովն իր հիացմունքն ու զորակցությունն է հայտնում Հայոց Բանակի Զինվորին, հպարտանում նրա անօրինակ հերոսությամբ, տոկունությամբ, նվիրումով և հավաստում, որ շարունակելու է իր նպաստը բերել Զինված ուժերի գիտատեխնիկական մակարդակի բարձրացմանը և երկրի պաշտպանունակության ամրապնդմանը»։

Տեսանյութեր

Լրահոս