«Սկեսուրս եւ ամուսինս ասացին՝մեզ հիվանդ հարս ու երեխա պետք չէ, ծննդատնից մեր տուն չգաս»
asparez.am. Քրիստինա Վարդանյանը չորս տարի է՝ ինչ ապրում է Գյումրու Մանուշյան փողոցի 230/436 հասցեի տնակում: 33-ամյա կինը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում. բնակարան չունի, անօթեւանության կարգավիճակ՝ եւս: Ապրում է մորեղբոր տնակում, որն ընտանիքով այս պահին գտնվում է Ռուսաստանում: Քրիստինան ֆինանսական խնդիրներից զատ, ունի նաեւ առողջական լուրջ խնդիրներ:
-Շաքարային դիապեդը իմ մոտ պատահական է առաջացել՝ ամուսնանալուց հետո, մինչ այդ խնդիրներ չեմ ունեցել: Վատացել եմ, տարել են հիվանդանոց, կոմայի մեջ եմ ընկել, հետո պարզվել է, որ ունեմ այս հիվանդությունը,-ասում է Քրիստինան:
Քրիստինան ամուսնալուծված է: Ապրում է 12 տարեկան տղայի՝ Վահանի հետ, որը նույնպես հիվանդ է, բայց՝ ի ծնե:
-Երեխաս էլ ժամանակից շուտ է ծնվել՝ 7 ամսական: Ի ծնե ԴՑՊ-ով հիվանդ է: Չի քայլում, դժվարությամբ է խոսում, 12 տարեկան է: Իմ եւ տղայիս հիվանդությունների պատճառով սկեսուրս եւ ամուսինս ասացին, որ մեզ հիվանդ հարս ու երեխա պետք չէ: Հիմա ամուսնալուծված եմ՝ զագսով եւ դատարանով: Չորս տարի առաջ ենք բաժանվել: 2009 թվականին երկրորդ երեխան ունեցա, բայց ծնվելուց 10 օր հետո մահացավ՝ հիվանդության պատճառով: Սկեսուրս ասաց, որ էլ մեր տուն չգաս՝ ծննդատնից: Հիմա նախկին ամուսինս մեկ-մեկ գալիս-գնում է՝ երեխային տեսնում, բայց ալիմենտ չի վճարում: Շաբաթը մի անգամ գալիս է, սնունդ է բերում, բայց հագուստ էլ է պետք,-պատմում է կինը:
Ընտանիքի միակ ֆինանսական աղբյուրը Վահեի հաշմանդամության 21 հազար դրամ թոշակն է եւ ընտանեկան նպաստը, որը կազմում է 23 հազար դրամ: Քրիստինային զրկել են երրորդ խմբի հաշմանդամի կարգավիճակից: Ֆինանսական լուրջ խնդիրներով պայմանավորված՝ դադարեցվել է մոր եւ տղայի պարտադիր բուժումը: Ընտանիքը խնդրում է բարերարների աջակցությունը:
-Ասացին, որ շաքարային դիապեդը հաշմանդամություն չի համարվի՝ թոշակս կտրեցին: Հիմա ապրում ենք երեխայի թոշակով եւ նպաստով, որը միասին կազմում է 30 հազար դրամ: Ծախսերը հնարավորինս քչացրել ենք, բայց էս էրեխուն բուժում է պետք. հնարավորություն չունեմ, որ վերականգնողական կենտրոն տանեմ: Տարվա մեջ երեք անգամ պիտի վերականգնողական բուժում ստանա, բայց դա կազմում է 150 հազար դրամ, գումարած ճանապարհածախսը: Արդեն մեծ է, հնարավոր չէ գրկելով տանել-բերել, պետք է տաքսիով գնանք, բայց փող չկա: Բուժումը մի քանի տարի դադարեցված է: Ինքը քայլակներ ունի, բայց բուժում պետք է ստանա, որ կարողանա դրանք օգտագործել: Միայն «Կարիտասի» խնամքի կենտրոն է գնում, բայց դա բավարար չէ, որ իրեն լավ զգա,- եզրափակում է Քրիստինան: