«76 % աղքատության ցուցանիշ ունեցող երկրի զինվորներն ու նրանց ընտանիքները, պարզ չէ՞, որ պետք է լինեն այդ աստիճան անապահով». Անահիտ Բախշյան

«Հայելի» ակումբն այսօր հյուրընկալել էր Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանին և նկարիչ Հաղթանակ Շահումյանին՝ քննարկելու սահմանային իրավիճակը, բանակի ու կրթական համակարգի խնդիրները:

Ապրիլյան ղարաբաղաադրբեջանական սահմանային գոտում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ պատգամավոր Ռուզան Մուրադյանը նկատում է. «Տեղի ունեցավ հերթական սադրանքը, որի արդյունքում ունեցանք այն, ինչին տարբեր ձևաչափով ականատես էինք լինում վերջին տարիներին, և առաջ է գալիս մշտապես նույն հարցը՝ ինչո՞ւ է միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի նկատմամբ գնահատականը մշտապես անհասցե: Եթե նույն այդ միջազգային կառույցներն Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ ունենան հստակ գնահատական և պահանջատեր վերաբերմունք, կարծում եմ, չէինք ունենա այն պատկերը, որ գրանցվեց ապրիլի առաջին օրերին, առավել ևս՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստակամ դիրքորոշում ուներ հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Նրա խոսքով՝ լինելով կրթության ոլորտի մասնագետ, պատգամավորը, ժամանակ առ ժամանակ ինքն իրեն հարց է տվել. «Արդյոք մենք հասցրե՞լ ենք հայրենասեր սերունդ ու զինվոր կրթել, բայց եղան այս ողբերգական դեպքերը և, թեև ցավով, բայց ես ինձ համար գտա այդ հարցի պատասխանը՝ մենք մեր կրթական ու ուսումնական ծրագրերով այնպիսի հաղթական զինվոր ենք դաստիարակել, ով ոգու արիության այդպիսի մեծ դաս ցուցադրեց այդ ողբերգական օրերին, մինչդեռ հակառակ կողմից ունեինք հակառակ պատկերը՝ տեսնելով, թե ինչպես է սեփական բանակի սպան գնդակահարում կրակից փախչող իր զինվորին»:

Նկարիչ Հաղթանակ Շահումյանը կարծում է, որ մեր իրականության մեջ դեռ ընտանեկան դաստիարակությունից է եկել հայրենիքն անվերապահ պաշտպանելու ձգտումը, որ, չնայած երկրի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին, մարդիկ այդ որակները դեռ չեն կորցրել, թեև ապավինել միայն մարդկային զանգվածի տարերային միասնության ուժին, ըստ բանախոսի, այլևս ժամանակավրեպ է. «Մենք վաղուց արդեն անկախ պետականություն ունեցող ժողովուրդ ենք, ու ֆիդայական շարժման ժամանակներն անցել են: Մենք պետք է պետականորեն պաշտպանենք մեր ժողովրդին նման պատուհաս հարձակումներից: Մենք ունենք հրաշալի պատրաստված զինվորական և սպայական խումբ, ովքեր կարողացան համարժեք պատասխանով հետ շպրտել մեր սահմանին հարձակված թշնամուն, ի հեճուկս թշնամու և՛ զինուժի, և՛ մարդկային քանակի առավելության»:

Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն անդրադարձ կատարեց Պաշտպանության նախարարի վերջերս արած այն պարզաբանմանը, թե ինչո՞ւ սահմանի առաջնագծում սոցիալապես ապահով ընտանիքի զավակներ չկան. «Ես նախարարի պատասխանի մեջ ուզում եմ ընդգծել հետևյալ պատասխանն ու շարունակել՝ «գումարած դրան՝ կա այսօրվա Հայաստանի իրականությունը, թե ի՞նչ վիճակում է գտնվում ժողովուրդը…»: Նախարարն ուղիղ չի ասում, բայց Համաշխարհային բանկի ամենավերջին՝ ապրիլի 8-ի գնահատականների համաձայն, որը զեկույցի տեսքով բոլորովին վերջերս հրապարակվել է, Հայաստանում աղքատությունը կազմում է 76 %: Այսպիսի աղքատության ցուցանիշ ունեցող երկրի զինվորներն ու նրանց ընտանիքները, պարզ չէ՞, որ պետք է լինեն այդ աստիճան անապահով»:

Տեսանյութեր

Լրահոս