Անկարան արգելել է Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագրի մուտքը երկիր
Sputnik-Թուրքիայի գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովը RIA Novosti-ին հայտնել է, որ թուրքական իշխանություններն արգելել են իր մուտքը Թուրքիա և զրկել հավատարմագրումից:
«Սահմանապահ հսկողության աշխատակիցը վերցրեղ անձնագիրս ու ինձ ուղարկեց ժամանող ուղևորների զննության վայր, որտեղ ինձ 1 ժամ առանց բացատրության պահեցին: Հետո ինձ թուղթ տվեցին, որտեղ գրված էր, որ ես ուղևոր եմ, ում մուտքը Թուրքիա արգելվում է:
Առգրավվեցին նաև մամուլի քարտն ու կեցության թուղթը, ինչից հետո առաջարկեցին առաջին չվերթով Ռուսաստան վերադառնալ»,- ասել է Քերիմովը:
Նա տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում:
Թուրքիայի իշխանություններն ու օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանություններից:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայում Sputnik գործակալության աշխատանքն արգելափակվել էր: Անկարայի Գելբաշի շրջանի դատարանը հաստատել էր Թուրքիայի հեռահաղորդակցության և կապերի վարչության որոշումը՝ արգելափակել երկրի տարածքում գործող մի շարք կայքերին մատչումը, որոնց թվում է նաև ռուսական Sputnik գործակալությունը: Բացի Sputnik-ից՝ փակվել էր նաև լրատվական Dicle գործակալության կայքը, ինչպես նաև Twitter-ի մի շարք բլոգներ:
Վարչության ներկայացուցիչները պնդում են, որ Twitter-ի ու վերոնշյալ կայքերի ադմինիստրատորները չեն հեռացնում գրությունները, որոնցում իբր պարունակվում է ահաբեկչության քարոզչություն, իսկ գրառումները խթանում են հանցավորությունն ու բռնությունը, ինչը, ըստ գերատեսչության, սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության և հասարակական կարգի համար: