Իրանցիները սահմանագոտով մեկնում են Թբիլիսի՝ Նովրուզը տոնելու
tesankyun.am. Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչ Գագիկ Ղուզանյանը կայքին հայտնեց, որ Նովրուզի նախաշեմին տասնյակ իրանական ավտոմեքենաներ են անցել իրենց գյուղով: Իրանցիները Նովրուզը տոնելու համար Վրաստան էին մեկնում:
Բաղանիսում իրանցիները կանգնեցնում էին իրենց ավտոմեքենաները եւ կոտրտված անգլերենով գյուղացիներին հարցնում, թե այդ ճանապարհը Վրաստա՞ն է տանում, քանի՞ կիլոմետր է մինչեւ Թբիլիսի հեռավորությունը: Իրանցիները Նովրուզը Վրաստանի մայրաքաղաքում տոնելու համար մեկնել են ընտանիքներով, ընկերներով: Նրանք գուցե չիմանալով՝ իրենց վտանգի են ենթարկել, քանի որ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար- Բաղանիս հատվածը գտնվում է ադրբեջանական կրակակետերի դիմաց եւ երբեմն ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվում է: Վրաստանում շատ ապրանքների եւ ծառայությունների գները Հայաստանի համեմատ էժան են, ինչը հրապուրում է իրանցիներին, որպեսզի Նովրուզն այնտեղ տոնեն, ոչ թե՝ Հայաստանում:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի շատ բնակիչներ իրենց ավտոմեքենաները բենզինով լիցքավորելու, ավտոմեքենաների պահեստամասեր գնելու, իրենց կամ հարազատների համար դեղորայք ձեռք բերելու համար հաճախ Վրաստան են մեկնում: