Բաժիններ՝

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Մոսկվայում չափազանց կարևոր նշանակություն է տրվում. «Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտը» ծավալուն հոդված է հրապարակել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Պարբերականը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի այն տեղեկությունը, համաձայն որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ առաջարկելով վերսկսել ինտենսիվ բանակցությունները, որոնք, իբր, «պետք է սկսվեն մոտ օրերս»:

Կրեմլում «Կոմերսանտի» զրուցակիցը հայտնում է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տալիս է «չափազանց մեծ նշանակություն»:

Կարողանալով համոզել Երևանին և Բաքվին՝ դադարեցնել ռազմական գործողությունների ակտիվ փուլը՝ Վլադիմիր Պուտինը մտադիր է վերսկսել խաղաղ գործընթացը՝ հետխորհրդային տիրույթում ամենահին հակամարտությանը երկարատև լուծում գտնելու նպատակով: Երկխոսության վերսկսման դեպքում Ղարաբաղյան խնդրի կարգավորման նախաձեռնությունը կանցնի արևմտյան միջնորդներից Մոսկվային:

Պարբերականը հիշեցնում է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի խոսքերը, ով հայտարարել էր, թե «նախաձեռնությունը պատկանում է Վլադիմիր Պուտինին: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, ու հիմա պատրաստվում է բանակցային գործընթաց: Հնարավոր է՝ մոտ օրերս սկսվի բանակցությունների ինտենսիվ գործընթացը»:

«Կոմերսանտի» բարձրաստիճան աղբյուրը Կրեմլում երեկ հաստատել է, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Մոսկվայում չափազանց կարևոր նշանակություն է տրվում»:

«Մենք ներգրավել ենք բոլոր անհրաժեշտ դիվանագիտական մեխանիզմները, որպեսզի կողմերին համոզենք նստել բանակցությունների սեղանի շուրջ ամենամոտ ժամանակներս»,- հավելել է նա:

Պարբերականը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում նոր բանակցություններ սկսելու գաղափարին զգուշորեն են վերաբերվում:

Նշվում է, որ 2011թ. Կազանում ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման «ճանապարհային քարտեզը»: Այն նախատեսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական տարածքների (Ջաբրաիլ, Զանգելան, Կուբաթլի, Քելբաջար, մասնակի՝ Ֆիզուլիի և Աղդամի շրջան, գումարած Լաչինի շրջանի 13 գյուղերը) վերադարձ Ադրբեջանին, և Լաչինի միջանցքի ստեղծում, որը կկապեր Հայաստանը և Արցախը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց՝ հանրաքվեով, պայմանով, որ լուծվեր փախստականների խնդիրը։

Այդուհանդերձ, ըստ «Կոմերսանտի», վերջին պահին կողմերը համաձայնության չեկան այս առաջարկների շուրջ։

Պարբերականը վկայակոչում է նաև Հայաստանի կատավարությունում իր բարձրաստիճան աղբյուրին, որը վստահեցրել է «Կոմերսանտին», որ հայկական կողմը պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Աղբյուրի խոսքերով՝ Ղարաբաղի շուրջ տարածքները հայկական ուժերը պահում են, որպեսզի «հետո դրանք վերադարձվեն՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման ֆիզիկական անվտանգության երաշխիք»։ Ներկայիս պայմաններում, ըստ հայ աղբյուրի, «այդտեղից կսպանեն Ղարաբաղի բնակչությանը»:

«Ոչ մի իշխանություն, ո՛չ այստեղ, ո՛չ Ղարաբաղում, չի կարող այլ կերպ գործել: Մենք երբեք չենք հրաժարվի գլխավոր պահանջից՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս