ԱՄՆ-ը ողջունել է Ադրբեջանի՝ Յունուս ամուսիններին երկրից հեռանալու թույլտվություն տալու որոշումը
ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի իշխանությունների որոշումը, որը թույլատրել է երկրից հեռանալ իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի որոշումը՝ թույլատրել մարդու իրավունքների շարժման ակտիվիստ Լեյլա Յունուսին և պատմաբան Արիֆ Յունուսին մեկնել արտերկիր՝ շտաբ բուժվելու նպատակով, դա ևս մեկ դրական քայլ է»,- հայտարարել է Քիրբին:
Նրա խոսքով՝ խոսքի ազատության ու քաղաքական իրավունքների ամրապնդումը օգտակար կլինի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ ԱՄՆ-ի հետ նրա երկկողմ հարաբերություններին:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել հավելյալ քայլեր ու առանց նախնական պայմանների ազատել բոլորին,« ով բանտարկված է իր հիմնարար իրավունքների և ազատությունների համար»,- հավելել է Քիրբին:
Երեկ Ադրբեջանի գերագույն դատարանի որոշմամբ հայտնի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին թույլատրվել է հեռանալ Ադրբեջանից՝ արտերկրում բուժվելու նպատակով: Նրանք մեկնել են Հոլանդիա:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել էր 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ:
2015թ. նոյեմբերի 12-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը փոխեց Արիֆ Յունուսի խափանման միջոցն ու նրան երկրից դուրս չգալու ստորագրությամբ ազատ արձակեց:
2015թ. դեկտեմբերի 9-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը փոխեց նաև Լեյլա Յունուսի խափանման միջոցը: Դատարանի որոշման համաձայն՝ Լեյլա Յունուսի 8,5 տարվա ազատազրկումը փոխարինվեց 5 տարի պայմանական ազատազրկմամբ: Դատարանը չեղյալ հայտարարեց նաև ամուսինների դստեր՝ Դինարա Յունուսի տունը առգրավելու մասին որոշումը: