Խալափյանների ընտանիքը սարսուռով է հիշում. «Ո՞նց գնամ ապրեմ էն տանը, որում իմ ծնողներին սպանել են». news.am

Ապրիլի 1-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով բազմանդամ ընտանիքի հետ Երեւան տեղափոխված թալիշցի Գագիկ Խալափյանը չի պատկերացնում, թե ինչպես է նորից վերադառնալու Թալիշ ու բնակվելու այն տանը, որտեղ ադրբեջանցիները դաժանաբար սպանել են անպաշտպան մնացած տարեց ծնողներին ու տատին։

«Երկու օր առաջ էի գնացել գյուղ, տունը կանգուն է, միայն ապակիներն են ջարդված ու կրակոցների հետքեր կան, բայց ո՞նց գնամ ապրեմ էն տանը, որում իմ ծնողներին սպանել են, ո՞նց տանեմ իմ երեխաներին էդ տուն, եթե անընդհատ տատ ու պապին են հիշում, եթե գիտեն՝ ինչ է կատարվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Գագիկ Խալափյանը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կատարվածի մասին այսօր էլ Խալափյանների ընտանիքը սարսուռով է հիշում։

«Գիշերը կրակոցներ լսեցինք, սնարյադները որ պայթեցին, վեց երեխուս ու կնոջս դրի մեքենաս, որ գյուղից հանեմ, գամ ծնողներիս, տատիս հետեւից։ Ամբողջ ընթացքում կրակում էին, հազիվ փրկվինք։ Հետ եկա գյուղ, 20 մետրի վրից ադրբեջանցիների խոսակցություն լսեցի, ասի իջնեմ գյուղապետարան զգուշացնեմ, որ թուրքերը գյուղ են մտել։ Գնացի զգուշացրի, ու էլ չկարողացա հետ գնալ, էդ ընթացքում մտել, իրենց սեւ գործն արել էին»,- ասում է Գագիկ Խալափյանը։

Այժմ Գագիկը կնոջ ու 6 անչափահաս երեխաների հետ հորաքրոջ տանն է ապրում՝ Երեւանում։ 3-ամյա որդին՝ Մարատը, պատերազմի ողջ դաժանությունը դեռեւս չի գիտակցում, բայց տատից ու պապից հաճախ է հարցնում, պատասխանը՝ թե նրանք գյուղում են, երեխային չի գոհացնում։

«Անընդհատ ասում է՝ տատին ուր է, պապին ուր է, ասում ենք՝ գյուղում են։ Չի հավատում»,- ասում է Գագիկի հորաքույրը՝ տիկին Լիդան։

Չնայած վերջին օրերին Խալափյանների ընտանիքին շատերն են օգնության ձեռք մեկնել, հագուստ ու սնունդ տրամադրել, այդուհանդերձ, ինչպես եւ մյուս տարհանված թալիշցիների, այնպես էլ նրանց գերխնդիրը մնում է կացարանի հարցը։

«8 շունչ մենք ենք, 6 շունչ՝ իրենք, 14 հոգով 3 սենյականոց բնակարանում ենք ապրում, իրար վրա քնում։ Որ տուն լինի, ընտանիքիս կտեղափոխեմ էնտեղ, ես կգնամ Ղարաբաղ»,- ասում է Գագիկը։

Խալափյանների ընտանիքին աջակցելու նպատակով «Յունիբանկում» Գագիկ Խալափյանի անվամբ բացվել են հաշվեհամարներ՝

24135013412800 ՀՀ դրամ,

24135013412802 եվրո,

24135013412803 ռուբլի,

24135013412801 դոլար։

Տեսանյութեր

Լրահոս