«Հայաստանը պատասխանի հնարավորություն ունի». Հրանտ Բագրատյան

«Զենքի վերաբերյալ հայտարարություն արել եմ, ես տերն եմ իմ խոսքերի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը` մեկնաբանելով Գերմանիայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ մենք կռվում ենք 80-ականների զենքով: Հ.Բագրատյանը, հիշեցնենք, ԱԺ նիստում հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք:

168.am-ի հարցին, որ, եթե մենք ունենք նաև արդիական զենք, արդյոք միջազգային ամբիոնից նման հայտարարությունը դիվանագիտական ճի՞շտ քայլ էր, Հ.Բագրատյանը պատասխանեց. «Չէ, դա ի՞նչ է տալիս»: Ճիշտ է, եթե ինչ-որ բան է տալիս, եթե չի տալիս՝ ուրեմն ճիշտ չէ»:

Ըստ նրա` նաև ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը դրան շատ վատ արձագանքեց. «Միգուցե, չեմ ուզում չափազանցնել, բայց չեմ կարծում, որ Հայաստանը շատ խեղճանալու կարիք ունի: Հայաստանը պատասխանի հնարավորություն ունի»:

Հ.Բագրատյանը հնարավոր չհամարեց, որ Հայաստանը պահանջ դնի Ռուսաստանի առաջ` զենք չվաճառելու Ադրբեջանին. «Ինչո՞ւ պետք է դա անի: Դուք մտածեք ձեր զենքերի մասին, դուք հաշվեք ձեր գրպանի փողը, դուք ուրիշի գրպանի փողն եք հաշվում: Իրավունքը ո՞րն է, ո՞վ է տվել այդ իրավունքը: Ինչ ուզենան՝ կանեն, դուք ձեր անելիքն արեք: Հիմա ի՞նչ, նստենք լացե՞նք»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ԱՄՆ-ը զենք չի վաճառում, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տարբերությունը ո՞րն է, Հ.Բագրատյանը պատասխանեց, որ բացառված չէ, որ ԱՄՆ-ը ավելի ակտիվ քաղաքականություն այս տարածաշրջանում չի ուզում վարել, դրա համար էլ չի վաճառում: Հ.Բագրատյանը հայտարարեց, որ ԵՏՄ-ից դուրս գալու մասին առաջարկը պետք է քննարկել:

Ըստ նրա` Աստված մեզ հնարավորություն է տվել մեր երկիրը կարգի բերելու, բայց ԱԺ հանձնաժողովներում քննարկման ժամանակ ոչ մի հարցի պատասխան չի տրվում իշխանության ներկայացուցիչների կողմից. «Ցրում են, ոչ մի հարցի չեն պատասխանում: Այսօր մի 200 մլն լիներ, բանակը շատ ավելի արդյունավետ կարող էր կռվել: Իսկ Հյուսիս-Հարավում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան 200 մլն-ը: Չի կարելի անընդհատ ուրիշների վրա գցել»: Ըստ նրա` միասնականությունը միայն խոսքով չպետք է լինի, պետք է լինի նաև ամենօրյա աշխատանքում, հանձնաժողովների քննարկումներում. «Եվ երբ տնտեսագետը, նախկին վարչապետը հարցադրում է անում, չպետք է ցրեն, իսկ եթե պատասխան չունեն, թող հեռանան, չէ՞ որ մենք անհնարինը չենք պահանջում»:

Տեսանյութեր

Լրահոս