
Լավրովը Երևանում կքննարկի ԼՂ կարգավորման հարցը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 22-ին կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կարող եմ հաստատել, որ ուրբաթ Սերգեյ Լավրովը կայցելի Երևան, կվարի մի շարք երկկողմ բանակցություններ: Իհարկե, Լեռնային Ղարաբաղի թեման նույնպես կքննարկվի ու կլինի առանցքայիններից մեկը»,- ասել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ ՌԴ-ի և Հայաստանի երկկողմ համագործակցության մյուս թեմաները «նույնպես կգտնվեն քննարկման կենտրոնում»:
Հայտնի է, որ այցի շրջանակում Լավրովը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Հայ գործընկերների հետ քննարկվելու են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ԼՂ հակամարտության խնդրին՝ հաշվի առնելով հակամարտության գոտում վերջին սրացումները»,- ասել է նա: