Բաժիններ՝

Արամ Առաջինի խոսքը՝ աշխարհասփյուռ հայերին

Հերոս տղաներն իրենց արյունով են շաղախել Արցախի սրբազան հողն ու հայ ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին՝ ասել, որ աշխարհի վրա ոչ մի ուժ չի կարող Արցախը, մեր իրավունքները մեզանից խլել: Այս մասին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը՝ կաթողիկոսություն վերադառնալուց հետո նկարահանված տեսանյութում, որն ուղղել է աշխարհասփյուռ հայերին:

«Երեկ գիշեր վերադարձա Արցախից` ինձ հետ բերելով վստահությունը, որ Արցախը ազատ, անկախ ու հզոր Արցախ է` իր ամուր ոգով, տոկուն վճռականությամբ, իր խոր հավատքով ու անխախտելի մարտունակությամբ: Արցախում մեր ժողովրդի զավակներին ասացի` մենք ձեզ հետ ենք, մենք Արցախի հայոց բանակի հետ ենք, մեր արի տղաների հետ ենք, ովքեր իրենց արյունը թափեցին Արցախի պաշտպանության ու անկախության համար: Մեր տղաներն իրենց արյունով վկայեցին, որ Արցախը միայն հայ ժողովրդին է պատկանում: Հերոս տղաներն իրենց արյունով շաղախեցին Արցախի սրբազան հողն ու հայ ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին ասացին, որ աշխարհի վրա ոչ մի ուժ չի կարող Արցախը, մեր իրավունքները մեզանից խլել:

Արցախում մեր ժողովրդի ներկայությամբ, իմ խոսքը ուղղելով Ադրբեջանի ցեղասպան ու բարաբարոս թուրքին, ասացի, որ իր դիմաց միայն հայոց բանակը չէ, իր դիմաց ամբողջ հայ ժողովուրդն է: Հայ ժողովուրդը բանակի է վերածվել, և աշխարհում ինչպես այսօր, այնպես էլ անցյալում, ոչ մի ուժ չի կարողացել մեր ժողովրդի տոկունությունը խախտել: Աննվաճ, ազատության, խաղաղության, անկախության համար կռվելու մեր կամքը նվաճել:

Այսօր Արցախը մեզ է կանչում ինչպես մեր երգի մեջ ենք ասում, որոնք այսօր պատգամի վերածված հնչում են ու պիտի հնչեն մեր ժողովրդի կյանքից ներս: «Հայեր միացեք, միացեք հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք»: Այս է պատգամը Արցախի, լսենք այս պատգամը ու այս պատգամի ոգիով, հավատքով մասնակից դառնանք Արցախի պաշտպանությանը, Արցախի առավել տոկունության ու վճռականության մեր համահայկական պայքարին»,- ասում է Արամ Ա-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս