«Բոլորը պետք է պատասխան տան». Գալուստ Սահակյանը` Միհրան Պողոսյանի հրաժարականի մասին
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, թե իրականում ինչո՞ւ է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը հրաժարական ներկայացրել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գ.Սահակյանը նշեց, որ նա հիմնավորում ներկայացրել է: Իսկ բավարա՞ր է Միհրան Պողոսյանի հիմնավորումը: Այս հարցին ի պատասխան՝ Գ.Սահակյանը նշեց, որ մարդն ինքն է որոշում, թե ինքն ինչ պետք է պատասխանի:
«Ես չեմ կարծում, որ դա այն հրատապ հարցն է, թե ցանկացած պաշտոնաթող մարդկանց համար կարծիքներ պետք է տանք»,- նկատեց ԱԺ նախագահը` նշելով, որ «աշխատանքային փոխհարաբերություններ է ունեցել Պողոսյանի հետ», բայց այդ կառույցը վերջին տարիներին շատ լավ էր աշխատում: Օֆշորային սկանդալի հարցը, ըստ Գ.Սահակյանի, ընդամենը մամուլում արտահայտված մտքեր են, բայց եթե հաստատվեն, Պողոսյանի գործունեությունը հակասի օրենսդրությանը, ապա ոչ միայն՝ ինքը, բոլորը պետք է պատասխան տան: