Արիֆ և Լեյլա Յունուսները հեռացել են Ադրբեջանից
Ադրբեջանի գերագույն դատարանի որոշմամբ հայտնի իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսներին թույլատրվել է հեռանալ Ադրբեջանից՝ արտերկրում բուժվելու նպատակով:
Ինչպես հայտնում է APA-ն, հղում կատարելով ամուսինների փաստաբան Էլչին Սադիգովին, երեկ դատարանը բավարարել է Յունուսների վճռաբեկ բողոքը:
Փաստաբանը հայտնել է, որ Յունուս ամուսինները արդեն գտնվում են Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամում:
Նշենք, որ Լեյլա ու Արիֆ Յունուսները դիմում էին ներկայացրել դատարանին՝ բուժման նպատակով Ադրբեջանից ժամանակավոր հեռանալու թույլտվության ստացման համար: Հայտարարության մեջ նշվել է, որ համաձայն բժշկական փորձաքննության, իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը տառապում է քրոնիկ հեպատիտով, զարկերակային հիպերտենզիայով ու շաքարախտով, ունի մեծ քար լեղապարկում ու սուր ցավեր ստամոքսում: Բժիշկները կարծում են, որ կա արագ հոսպիտալացնելու անհրաժեշտություն:
Արիֆ Յունուսը տառապում է 3-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով (240/120), երկու անգամ կաթված է ստացել: Այդ վիճակում նա կարիք ունի որակյալ բուժման ստացիոնարում:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Լեյլա Յունուսին դատապարտել էր 8,5 տարվա, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու ֆինանսական մեքենայությունների մեջ:
2015թ. նոյեմբերի 12-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը փոխեց Արիֆ Յունուսի խափանման միջոցն ու նրան երկրից դուրս չգալու ստորագրությամբ ազատ արձակեց:
2015թ. դեկտեմբերի 9-ին Բաքվի Վերաքննիչ դատարանը փոխեց նաև Լեյլա Յունուսի խափանման միջոցը: Դատարանի որոշման համաձայն՝ Լեյլա Յունուսի 8,5 տարվա ազատազրկումը փոխարինվեց 5 տարի պայմանական ազատազրկմամբ: Դատարանը չեղյալ հայտարարեց նաև ամուսինների դստեր՝ Դինարա Յունուսի տունը առգրավելու մասին որոշումը: