Թեժ վիճաբանություն ԱԺ-ում՝ Հրանտ Բագրատյանի և Գագիկ Մինասյանի միջև
Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում թեժ վիճաբանություն ծավալվեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի և պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև: Վեճի առարկան Վերահսկիչ պալատի մասին նոր օրենքի մշակման աշխատանքներում ընդդիմությանը չներգրավելն էր:
«Սահմանադրության ընդունման ժամանակ ասվում էր, թե ընդդիմության օրենքն է: Ընդդիմությունն ի՞նչ մասնակցություն է ունենալու»,- հետաքրքրվեց Հ.Բագրատյանը:
Գ.Մինասյանի հայտարարությանը, թե հանձնաժողովի բոլոր անդամները հրավիրվել են մասնակցելու, Հ.Բագրատյանը պատասխանեց, թե իրենք չեն մասնակցում. ոչ թե այն պատճառով, որ չեն ցանկանում, այլ՝ ուժեր, ռեսուրս չունեն. «Դուք էնպես եք արել, որ 85%-ը դիմություն է»: Պատգամավորը պահանջեց ժամանակ տալ և հնարավորություն ստեղծել, որ ինքն էլ մասնակցի օրենքի մշակմանը և «ափալ-թափալ բաներ» չանեն:
Գ.Մինասյանը նշեց, որ դեռ ժամանակ կա, որ իրավական գնահատական տան օրենքին, հետո այն կուղարկեն փորձաքննության, կլինեն խորհրդարանական լսումներ, և այս ամենը պետք է հասցնել այս նստաշրջանի ընթացքում: «Բոլոր դիտարկումների հետ համաձայն եմ, բացի ափալ-թափալ բառերից»,- նկատեց Գ.Մինասյանը:
«Ափալ-թափալ բառերը հայերեն բառեր են,- հակադարձեց Հ.Բագրատյանը` պահանջելով, որ հանդիպումների ժամանակացույցն ուղարկեն իրեն, ինչպես նաև ուղարկեն անխտիր բոլոր թղթերը,- Կարող է` ես գիշերն եմ կարդում, Ձեր ի՞նչ գործն է, պարտավոր եք ուղակել»:
Հ.Բագրատյանը դժգոհեց նաև, որ GIZ-ը պետք է ընտրի փորձագետներին: Ըստ նրա` GIZ-ը նաև Սահմանադրության մշակմանն էր մասնակից, որը, թեև չընդունվեց, բայց GIZ-ը դրական կարծիք տվեց:
Գ.Մինասյանը խոստացավ ուղարկել փաստաթղթերը` նկատելով, թե տանը նստած կարդացողի կարգավիճակը մի քիչ այլ է, քան ԱԺ-ում քննարկումներին մասնակցողի և առաջարկներ անողի:
«Գալիս եմ, թե չեմ գալիս, եղբա´յր, բարի´ եղեք, ուղարկեք»,- վրդովվեց Հ.Բագրատյանը` խոստանալով ամենաշատ առաջարկները ներկայացնել: