«Մասիսն Արցախի հետ է» հանրահավաք-ակցիա Մասիսում

«Մասիսն Արցախի հետ է», «Մենք ենք Արցախը» և նմանօրինակ այլ վերտառություններ կրող պաստառներով Մասիս քաղաքի հրապարակում երեկ հանրահավաք էր կազմակերպվել, որի մասնակից՝ Մասիսի բնակիչներն իրենց զորակցությունն էին հայտնում Արցախին և սահմանին կանգնած մեր զինվորներին: Մասիս քաղաքի տարբեր թաղամասերում հավաքված բնակչությունը երթով եկավ դեպի հրապարակ, որտեղ և իրար միանալով՝ սկսեցին հանրահավաքը:

Արցախի և Հայաստանի դրոշներ, զորակցություն հայտնող պաստառներ, հայրենասիրական կոչեր, երգեր և այս ամենի լուռ վկաներ հանդիսացող՝ զոհված ազատամարտիկների լուսանկարներ… Լուսանկարներից մեզ նայող տակավին երիտասարդ զոհված ազատամարտիկների հայացքների մեջ չկար «աղմկոտ և պաստառային հայրենասիրություն»: Փոխարենը՝ նրանք իրենց սխրանքով ապացուցել էին, որ հայրենասիրությունը ոչ թե ամպագոռգոռ խոսքերն են, այլ մինչև վերջին՝ ամենասարսափելի վայրկյանը պայքարելը: Քառօրյա պատերազմի արդյունքում զոհված երիտասարդներն այլևս լուսանկարներից մեզ նայող հերոսներ են, որոնց հայացքները երբեք չեն ջնջվի մեր հիշողություններից:

Masis Masis1 Masis3 Masis01

Հանրահավաքին ներկա էր նաև գործարար և բարերար Գագիկ Ադիբեկյանը, ով չցանկացավ հարցազրույց տալ, փոխարենը՝ առաջարկեց զրուցել «Մասիսի զարգացման հիմնադրամի» տնօրեն Ստեփան Հովհաննիսյանի հետ:

«Սա ժողովրդի կողմից բխած հանրահավաք է, որին աջակցում է «Մասիսի զարգացման հիմնադրամը»: Նպատակը մեկն է՝ մեր զորակցությունը հայտնել Արցախին և մեր ձայնն ի լուր աշխարհի բարձրացնել, որպեսզի աշխարհն իմանա, որ հայը եղել է, կա և կլինի: Այսպիսով մեր ձայնն ենք միացնում այն ընդհանուր համահայկական շարժմանը, որն առաջացել է այսօր»,- մեզ հետ զրույցում նշեց Ս. Հովհաննիսյանը:

Մեր հարցին, արդյոք այլ մարզեր միանալո՞ւ են այս նախաձեռնությանը, Ս. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ նախաձեռնությունը միայն Մասիսի քաղաքային համայնքինն է: Հուսով եմ, որ մեր այս նախաձեռնությունն արձագանք կստանա և շարքի նման կանցնի նաև մյուս մարզերում»:

Masis2 Masis4 Masis5

Մեր դիտարկմանը, որ գործարար և բարերար Գագիկ Ադիբեկյանի ներկայությունը բավականին մեծ անակնկալ էր, և հարցին՝ արդյոք հատուկ այս հանրահավաքին մասնակցելու նպատակո՞վ է այս օրերին նա Մասիսում, Ս. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ասեմ, որ ի սկզբանե հանրահավաքի համահեղինակներից մեկը նաև Գագիկ Ադիբեկյանն է: Մենք էլ՝ «Զարգացման հիմնադրամով», քաղաքային իշխանություններով, կյանքի ենք կոչել այդ գաղափարը, որը հավանության է արժանացել բնակիչների կողմից: Եվ այսօր Գ. Ադիբեկյանը սիրով եկել և մասնակցում է մեր հանրահավաքին, ինչպես նաև մասնակցելու է ապրիլի 24-ին կայանալիք՝ Եղեռնի հետ կապված միջոցառումների շարքին»:

Իր հերթին՝ Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը ևս նշեց, որ այս հանրահավաքը գործարար Գագիկ Ադիբեկյանի մտահղացումն է: «Այս հանրահավաքի նպատակն այն է, որ աշխարհն իմանա, որ մենք Արցախից չենք բաժանվելու: Հայերը երբեք չեն հանձնելու Արցախը»:

Մեր հարցին, արդյոք Մասիսի քաղաքապետարանը որևէ կերպ աջակցելո՞ւ է զոհված ազատամարտիկների՝ Մասիս քաղաքի բնակիչներ՝ Աղասի Ասատրյանի և Հենրիկ Ղահրամանյանի ընտանիքներին, Ս. Հակոբյանը պատասխանեց. «Մենք պարտավոր ենք դա անել: Մենք հավերժ պետք է օգնենք, սատարենք այդ ընտանիքներին: Դա լուսաբանվելու է, և բոլորը տեսնելու են: Դրանք լոկ խոսքեր չեն: Կգա ժամանակը, և բոլորս դա կտեսնենք»:

Masis8

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ օգնության մասին է խոսքը, և ե՞րբ է այն ի վերջո տրամադրվելու՝ Ս. Հակոբյանը պատասխանեց. «Գումարային օգնություններ պարտադիր լինելու են: Մեր քաղաքում են ապրում նախորդ պատերազմից զոհված ազատամարտիկների ընտանիքներ, և մենք նրանց բոլորին էլ տարվա կտրվածքով միշտ օգնություն ցուցաբերել ենք: Չեմ ասում, թե մշտական, բայց օգնություն ցուցաբերել ենք և շարունակելու ենք ցուցաբերել»:

 

Տեսանյութեր

Լրահոս