ԵԽ ԽՎ ղեկավարը Բաքվին և Երևանին ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու կոչ է արել
ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին իրականացնել Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները ու խաղաղ կերպով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հայտնում է RIA Novosti-ն:
«Անընդունելի է, որ Բեռլինի պատի անկումից 25 տարի անց եվրոպական ընտանիքի անդամներին նախկինի պես բաժանում են հակամարտությունները: Այս ամսվա սկզբին դարձյալ հակամարտության բռնկում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, ինչը շփման գոտում հանգեցրեց մեծաթիվ մարդկային զոհերի, այդ թվում նաև՝ քաղաքացիական անձանց:
Ես դատապարտում եմ բռնությունն ու ափսոսանք եմ հայտնում՝ կապված մարդկային զոհերի հետ»,- ասել է նա՝ բացելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը:
Ագրամունտն ընդգծել է, որ «շնորհիվ միջազգային հանրության կողմից բռնությունը դադարեցնելու հստակ կոչերի՝ դարձյալ փխրուն հրադադար է հաստատվել»:
ԵԽ ԽՎ ղեկավարը վստահություն է հայտնել, որ հակամարտության երկու կողմերը պետք է ապահովեն հակամարտության ապասառեցումը և կրակի դադարեցումը:
«Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը պետք է կատարեն ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած իրենց պարտավորությունները և գտնեն քաղաքական կամք՝ հասնելու իրենց բաժանող հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է Ագրամունտը:
Նա հիշեցրել է, որ Եվրոպայի խորհուրդը չունի ԼՂ հակամարտությունը կարգավորելու անմիջական մանդատ, սակայն ենթադրություն է հայտնել, թե խորհրդարանական դիվանագիտությունը «կարող է օգնել մերձեցնել կողմերի դիրքորոշումները»:
«Ես այսուհետ ևս կզբաղվեմ այդ հարցով՝ որպես առաջնահերթություններից մեկը»,- ասել է նա: