
Արամ Ա կաթողիկոսը լիբանանահայ պատանիների հետ «Հայեր, միացեք»-ն է երգել ու զորակցություն հայտնել Արցախին

ՀՅԴ Լիբանանի պատանեկան միությունների անդամ 190 պատանիներ ապրիլի 17-ին այցելել են Անթիլիասի Մայրավանք, որտեղ հաղորդություն ստանալուց հետո հանդիպում են ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:
Պատանիներն ասմունքել են, ինչից հետո կաթողիկոսն իր հայրապետական խոսքն է ուղղել նրանց: Արամ Ա Վեհափառը, անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու` պատմության ընթացքում և ներկայում ունեցած դերակատարությանը, կարևորել է հայ երիտասարդների դաստիարակությունը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել է նաև Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններին` կարևորելով այդ օրհասական պահին սփյուռքի աջակցությունը: Հանդիպման վերջում պատանիներն ու Արամ Ա կաթողիկոսը խրոխտ կերպով միասին երգել են «Հայեր, միացեք» երգը` զորակցություն հայտնելով Արցախի Հանրապետության բնակիչներին: