Ռուսաստանն Ադրբեջանը ստացել է որպես փոխհատուցում. Ժիրինովսկի
Եթե խորհրդային իշխանությունը չսկսեր փոխել ցարական Ռուսաստանի տարածքային բաժանումը, ապա Ղարաբաղում հակամարտություն չէր լինի: Հայերի և ադրբեջանցիների թշնամությունը անհաշտելի է, այն կապված է նաև Թուրքիայում կոտորածի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է haqqin.az-ը, հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
«Նման հակամարտությունը չի կարող երկկողմ հիմքի վրա լուծվել: Այդ հակամարտությունը չեն լուծի ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ ֆրանսիացիները, ո՛չ ամերիկացիները: Այդ հարցով վերջնական որոշում կարող է կայացնել միայն Ռուսաստանի նախագահը»,- ասել է նա:
Ժիրինովսկու խոսքով՝ Ռուսաստանը այդ տարածաշրջանում միշտ պայքարել է թուրքերի ու պարսիկների դեմ, ինչպես նաև պաշտպանել է հայերին:
«Եվ Ադրբեջանը մենք չենք գնել, այն մեզ է փոխանցել Իրանի շահը՝ որպես փոխհատուցում ռուս դեսպանի սպանության: Մենք չենք գրավել Ադրբեջանը»,- հայտարարել է նա:
Վերջինս Հայաստանին և Ադրբեջանին խորհուրդ է տվել վերադառնալ Ռուսաստանի կազմ, հակառակ դեպքում «նրանք կպատերազմեն ևս հազար տարի»:
Քաղաքական գործիչը նկատել է, որ եթե Մոսկվան որոշում կայացնի Ղարաբաղը հանձնել Հայաստանին, ապա Ադրբեջանը ռազմական համաձայնագիր կկնքի Թուրքիայի հետ, ու թուրքական ռազմաբազաներ կհայտնվեն Դաղստանի հետ սահմանին:
«Մենք պետք է աջակցենք Քրդստանի ստեղծմանը և վերադարձնենք Արևմտյան Հայաստանի հայկական հողերը, և այդ ժամանակ ավտոմատ կերպով կլուծվի Ղարաբաղի հարցը: Դա 21-րդ դարի կեսի խնդիրն է»,- ասել է նա: