10 անչափահաս ունեցող ընտանիքը բնակվում է երկսենյականոց փայտե տնակում
asparez.am. Լոռու մարզի Սպիտակ քաղաքում 32-ամյա կինը լույս աշխարհ է բերել տասներորդ զավակին: Փոքրիկ Ալիսան ընտանիքում վեցերորդ աղջիկն է, ունի նաեւ չորս եղբայր: Երեխան ծնվել է 3 կգ 700 գ քաշով. չնայած բարդ ծննդաբերությանը՝ փոքրիկի մոտ խնդիրներ չկան: Նրան տանն արդեն սպասում են ավագ քույրերն ու եղբայրները, բայց միասին լինելու հնարավորություն կունենան միայն ոչ աշխատանքային օրերին, քանի որ շաբաթվա մնացած օրերին ընտանիքի դպրոցահասակ երեխաները գիշերօթիկում են լինում՝ երկսենյականոց տնակում քնելու տեղ չլինելու պատճառով:
Բազմազավակ մոր` Լիլիթ Նիկողոսյանի երազանքը մեկն է՝ տուն ունենալ, որպեսզի կարողանա համատեղ մեծացնել բոլոր երեխաներին: Ընտանիքի հայրը՝ Բագրատ Մաթոսյանը, բազմանդամ ընտանիքին պահում է հիմնականում արտագնա աշխատանքի շնորհիվ:
Ամուսնության 18 տարիների ընթացքում Բագրատը եւ Լիլիթը մշտապես բնակվել են Սպիտակի ծայրամասային՝ Գերմանական կոչվող տնակային ավանում՝ նախ Բագրատի ծնողների տնակում, ապա, երբ ընտանիքի համալրումից հետո համատեղ ապրելն այլեւս անհնար է դառնում, քաղաքապետարանը նույն թաղամասում հատկացնում է նույնատիպ տնակ: Այստեղ ապրում են արդեն ութ տարի, սակայն տնակը զուրկ է սանիտարահիգիենիկ նվազագույն պայմաններից. անգամ կոյուղի չկա: Իսկ թե քանի անգամ են առնետները վնասել քնած երեխաների դեմքն ու մատները, սպիներն են խոսում:
-Փայտի վագոններում ենք, շատ վատ պայմաններում, տասը երախայի հետ: Երեխաներից յոթը հատուկ դպրոց են գնում, այնտեղ են մնում, այդքան նեղվածք է տանը, շաբաթ-կիրակի են տուն գալիս,-ասում է բազմազավակն մայրն ու հավելում,-ինձ մենակ տունն է պետք, որ իմ էրեխեքը ինձ մոտ լինեն, դրանից ավել ես ոչ մի բան չեմ ուզում:
Գիշերօթիկ գնալ չեն ուզում նաեւ երեխաները: Ասում են՝ շատ են կարոտում մայրիկին ու փոքրիկ եղբայր-քույրերին, որոնք դեռ դպրոց չեն հաճախում:
-Ես շատ եմ նեղվում, որ մայրիկիս չեմ տեսնում, օրերը հաշվում եմ՝ երբ պիտի գնամ տուն, որ մայրիկիս տեսնեմ,-արտասվաթոր աչքերով ասում է 10 տարեկան Սիրունը:
Այս ընտանիքի մասին Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը մի քանի տարի առաջ է տեղեկացել. այդ ժամանակ ընտանիքում դեռ 7 անչափահաս երեխա էր մեծանում:
-Մաթոսյան Բագրատի եւ Լիլիթ Նիկողոսյանի ընտանիքը մեր տեսադաշտում է արդեն մի քանի տարի, քանի որ ընտանիքը գտնվում է նպաստ համակարգում եւ երեխաներից համարյա թե բոլորը հաճախել են Սպիտակի հատուկ դպրոց: 3-4 երեխա դպրոցում տեսնելով՝ քույր-եղբայրներ, բնականաբար, հարց է առաջանում նաեւ ընտանիքի սոցիալական կարգավիճակի մասին: Ես ցավով եմ նշում, որովհետեւ երեխաները հատուկ դպրոցում եղել են ընդամենը սոցիալական խնդիրներից ելնելով, այլ ոչ թե, ասենք, ըստ էության: Իհարկե, նրանց կարիքները գնահատված են, երեխաներն ունեն թեթեւ հոգեհուզական խնդիրներ եւ ուսումնական ունակությունների յուրահատուկ խանգարումներ, բայց ամեն դեպքում նրանք հատուկ դպրոցի սաներ չեն: Պարզապես, քանի որ հատուկ դպրոցը, բացի կրթությունից, նաեւ սոցիալական կարիքներով երեխաների է ընդունում, մենք նրանց ուղղորդել ենք հատուկ դպրոց,-պարզաբանում է Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:
Բաժնի պետ նշում է նաեւ, որ երեխաներից երկուսի խնամքով զբաղվում են Լիլիթի սկեսուրն ու ամուսնու քույրը, որոնց տնակը Լիլիթի վագոն-տնակից մոտ 50 մ. հեռավորության վրա է գտնվում:
Ն. Սարգսյանը հաստատեց, որ ընտանիքի թե՛ հայրը, թե՛ մայրը աշխատող մարդիկ են, նրանց հիմնական խնդիրը բնակարան չունենալն է: Այս առումով նախնական քայլեր են կատարվել: Դեռեւս նախանցած տարի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից Լոռու մարպետարանում գրություն էր ստացվել, որով հանձնարավում էր հայտնաբերել մարզում 7 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին եւ ներկայացնել նախարարության համապատասխան վարչությանը: Նպատակն էր՝ հետագայում բազմազավակ այդ ընտանիքներին ընդգրկել բնակարանային ծրագրի մեջ:
-Մենք առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի, քաղաքապետարանի ներկայացուցչի, սոցիալական ծառայության տեսուչի հետ կատարել ենք տնայց: Այդ ժամանակ ամուսինը գտնվում էր արտերկրում, դեռեւս ունեին 9 երեխա: Պայմանները, մեղմ ասած, վատ էին այն իմաստով, որ բնակելի տարածքը շատ փոքր էր, եւ երբ որ երեխաները շաբաթ-կիրակի օրերին գալիս էին տուն, որովհետեւ հատուկ հաստատությունում երեխաները մնում էին շաբաթվա հինգ օրը, տանը ասեղ գցելու տեղ չէր լինում,-նշում է բաժնի պետը:
Նարեկ Սարգսյանի խոսքով, ընտանիքը ընդգրկվել է բոլոր այն ծրագրերում, որ մարզում իրականացվել են, այսինքն՝ ընտանիքը թե՛ առողջապահության եւ սոցիալական ապահովության եւ թե՛ ՏԻ ՀԳՄՀ վարչության կողմից մշտապես գտնվել է ուշադրության կենտրոնում:
-Ամեն դեպքում, պետությունը եւ պետական կառույցները արել են հնարավորինը այս իրավիճակում ընտանիքին ձեռք մեկնելու, օգնելու համար: Ներկայումս մենք նաեւ պլանավորում ենք «Դիակոնիա» միջազգային կազմակերպության հետ այս ընտանիքի համար որեւէ ծրագիր անել: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ տնակում առաջին անհրաժեշտության իրերը կային, իհարկե, դրանք բավականին հին էին, իսկ, ասենք, սանիտարահիգիենիկ վիճակը խիստ անբավարար է, քանի որ չկա սանհանգույց, լոգարան… Ես արդեն մարզպետի կողմից ունեմ հանձնարարական՝ եւս մեկ անգամ համապատասխան ծառայությունների հետ կատարելու ավելի մանրամասն ուսումնասիրություն: Նաեւ կփորձեմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչության հետ խոսել, որպեսզի հասկանանք՝ ինչ վիճակում է գտնվում այդ ընտանիքին բնակարան հատկացնելու խնդիրը: Ես նորից եմ կրկնում՝ այնպես չի, որ դա հաստակ խոստացվել է, ուղղակի մենք ստացանք հանձնարարական՝ ուսումնասիրելու, հայտնաբերելու եւ նախարարություն ներկայացնելու. հիմա թե ինչ ընթացքի մեջ է ծրագիրը, այս պահին հարցին պատասխանել չեմ կարող,-տեղեկացրեց ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը: