Բաժիններ՝

«Կարոտել էի այս մթնոլորտը: Իսկապես սպասում էի, որ հենց այս կերպ մեզ կդիմավորեն»

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ապրիլի 18-ի գիշերը բազմամարդ էր. «Արմենպրես»-ը հաղորդում է, որ տասնյակ մարզասերներ, մարզական ոլորտի զարգացման պատասխանատու պաշտոնյաներ, սխրանք գործած ծանրորդների հարազատներ եկել էին դիմավորելու իրենց վերջին օրեր ին բերկրանք պատճառած Հայաստանի ծանրամարտի հավաքականին, որը ժամանում էր Մոսկվա-Երևան չվերթով:

Բուռն ծափողջույնների և հայրենասիրական վանկարկումների ներքո հայ ծանրորդները մտան սպասասրահ, որտեղ նրանց առաջինը դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Հայաստանի մարզական ոլորտի պատասխանատուներից ստանալով առաջին շնորհավորանքներն ու դափնեպսակները՝ հայ ծանրորդներն արագորեն շրջապատվեցին օդանավակայանի սպասասրահում նրանց սպասող հարազատներով և մարզասերներով:

«Կարոտել էի այս մթնոլորտը: Իսկապես սպասում էի, որ հենց այս կերպ մեզ կդիմավորեն: Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի չեմպիոն դառնալ և աշխարհին հնարավորություն տվեցի ևս մեկ անգամ մեր երկրի մասին խոսելու»,- հուզված, բայց իր սխրանքով բավականին հպարտ՝ «Արմենպրես»-ի հետ կարճ զրույցում նշեց +75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ոչ պակաս հուզված տեսք ուներ վերջին տարիներին բազմաթիվ վիրահատությունների ու չափազանց ծանր դժվարությունների միջով անցած Նազիկ Ավդալյանը. «Անգամ ամուսնուս հետ դեռ չեմ հասցրել խոսել: Գիտեմ՝ գնացել է ընկերների հետ Ղարաբաղ՝ դիրքեր: Ես մտածում էի, որ նա չի կարող չգնալ, այնպես որ՝ ինձ համար մեծ անակնկալ չէին իր գործողությունները: Իսկապես, շատ հպարտ եմ, որ կարողացա հաղթել ու Եվրոպայի չեմպիոն հռչակվել: Գիտեմ, որ շատ անելիքներ, մարզումներ ունենք մինչև Օլիմպիական խաղերը, սակայն կարևորը վստահ եմ իմ ուժերին»:

People welcomed Armenian delegation of the European Weightlifting Championships at Zvartnots Airport

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բավականին գործնական էր տրամադրված անգամ ինքնաթիռի՝ Երևանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո. «Արդեն իսկ պետք է պատրաստվենք Օլիմպիական խաղերին: Վաղվանից սկսած պետք է փորձենք գնահատել մեր մարզիկներին, կազմենք ծրագիր ու առաջ շարժվենք: Օլիմպիական խաղերում մեդալի հույս ունենալը միմիայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ արդարացված կլինի»:

Մարզչի խոսքի հետ համաձայն է Եվրոպայի չեմպիոն հռչակված Անդրանիկ Կարապետյանը: Ըստ նրա՝ պետք է ճիշտ գնահատել ուժերը և մշտապես մարզվել. «Ես ինքս գոհ եմ իմ արդյունքից, բայց դեռ շատ անելիքներ կան: Ապրիլի 28-ից սկսելու եմ բավականին ակտիվ պատրաստվել արդեն Օլիմպիական խաղերին: Քիչ ժամանակ է մնում, այնպես որ պետք է ճիշտ օգտագործենք այն»:

People welcomed Armenian delegation of the European Weightlifting Championships at Zvartnots Airport

Կարապետյանին Եվրոպայի չեմպիոնի կոչումը զիջած Տիգրան Մարտիրոսյանը ևս գոհունակություն հայտնեց իր արդյունքից, թեպետ չթաքցրեց, որ Ռիոյում Օլիմպիական մեդալի համար պայքարելու է ավելի բարձր կիլոգրամներ հաղթահարելու համար. «Բավականին կենտրոնացած հանդես եկանք ողջ թիմով, ինչի արդյունքը Եվրոպայի ուժեղագույն հավաքականի պատվին արժանանալն է: Ինքս կփորձեմ մարզումների միջոցով ավելի լավ արդյունքների հասնել: Տեսնենք, դեռ ժամանակ կա»:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում չթաքցրեց, որ իր սպասելիքները լիովին արդարացրել են բոլոր մասնակիցները՝ թեև մի փոքր ուժերից ցածր է հանդես եկել Իզաբելլա Յայլյանը, ով, ըստ մարզչի, կարող էր և պետք է պայքար մղեր մեդալի համար. «Ցավոք, Յայլյանի արդյունքից գոհ չեմ: Նա մեծ պոտենցիալ ունեցող ծանրորդ է և կարող էր ավելի լավ հանդես գալ: Ընդհանրապես մենք, իմանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունների մասին, չէինք կարո ղ հանգիստ շարունակել մեր ելույթները: Արեցինք ամեն բան, որպեսզի աշխարհը տեսնի, թե ով է հայը: Մենք այլ կերպ վարվել չէինք կարող: Ես ասացի հավաքականի անդամներին, որ պետք է ոչ թե լավ հանդես գալ, այլ անել առավելագույնը հանուն մեր հայրենիքի: Պատահական չէ, որ բոլորս այս հաղթանակը նվիրում ենք մեր քաջարի զինվորականներին»:

Գերծանր քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն հռչակված Գոռ Մինասյանը, ով Ֆյորդեում անհատական ռեկորդ սահմանեց թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում, «Արմենպրես»-ին փոխանցեց, որ իր գրանցած արդյունքը բարելավելու կարիք է զգում. «Եվրոպայի չեմպիոնին զիջել եմ մոտավորապես 20 կգ-ով, այնպես որ ձեռքերս ծալած նստել չեմ կարող: Կարճատև հանգստից հետո կսկսեմ քրտնաջան պարապել Օլիմպիական խաղերում լավագույնս ելույթ ունենալու և մեդալի համար պայքարելու համար: Կարծում եմ, դա իմ ուժերից վեր չէ: Ամեն ինչի կարող եմ հասնել մարզումների շնորհիվ»:

Լուսանկարվելով իրենց երկրպագուների, հարազատների ու «Զվարթնոց» օդանավակայան ժամանած բարեկամների հետ՝ հայ ծանրորդները շնորհակալ եղան հայ զինվորականներին ու իրենց հաղթանակը նվիրեցին Հայաստանի և Արցախի սահմանն անխախտ պահող մարտիկներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս