Իրկուտսկի ջավախահայերը շտապօգնության 2 մեքենա են նվիրել Արցախին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանին:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով. «Վարչապետը նշել է, որ բացի Մայր Հայաստանից, այս օրերին բազմաթիվ արձագանքներ են ստացվել Սփյուռքի տարբեր գաղթօջախներից, որոնք իրենց նյութական և բարոյական աջակցությունն են հայտնել Արցախին: Ա. Հարությունյանը կարևորել է ազգային համախմբվածության և Արցախի անվտանգության ամրապնդման գործում Ջավախքի և ջավախահայության ունեցած ներդրումը: Նա շնորհակալություն է հայտնել Տաճատ Վարդապե տյանին՝ Արցախի հետ ջավախահայության կապի ամրապնդման գործում ունեցած ակտիվ դերակատարության համար:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը նշել է, որ ապրիլյան առաջին իսկ օրերին հանդես է եկել Արցախին սատար կանգնելու կոչով, որին անմիջապես արձագանքել են Ռուսաստանի Դաշնությունում ապրող մի խումբ ջավախահայեր, որոնց շնորհիվ զոհվածների ընտանիքներին զորակցելու համար հանգանակվել է շուրջ չորս միլիոն ռուբլի: ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարի միջոցով մեկ միլիոնը փոխանցվելու է Արցախում ապրող զոհված զինծառայողների ընտանիքներին: Հանդիպմանը Տ. Վարդապետյանը տեղեկացրել է ՌԴ Իրկուտսկ քաղաքում բնակվող, ծնունդով՝ Ջավախքից, Արթուր Գասպարյանի և Իրկուտսկի մարզի Նիժնեուդինսկ քաղաքի 35 հայ ընտանիքների միջոցներով Պաշտպանության բանակի համար ձեռք բերված «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաների մասին:
Հանդիպումից անմիջապես հետո Տաճատ Վարդապետյանը «ՈւԱԶ» մակնիշի երկու շտապօգնության մեքենաների բանալիներն անձամբ հանձնել է ԼՂՀ ՊԲ ներկայացուցչին»: