Մխիթարյանին հանգստանալու հնարավորություն էր տրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա ավագ և Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց գերմանական Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Համբուրգ»-ի դեմ կայացած հանդիպմանը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստ ը չէր հայտավորվել խաղին՝ հանգստանալու հնարավորություն ստանալով:
Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ առանց իր խաղային «ճարտարապետի» կարողացավ 3-0 խոշոր հաշվով հաղթանակի հասնել: Տանտերերի կազմում առաջին գնդակը խփեց երիտասարդ Պուլիշիչը՝ հաջողության հասնելով 38-րդ րոպեին: Առաջին խաղակեսի վերջում՝ 44-րդ րոպեին, այս խաղում իր առաջին գնդակը խփեց «Բորուսիա»-ի հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկած Ադրիան Ռամոսը:
Երկրորդ խաղակեսի վերջում Ռամոսը 2-րդ անգամ կարողացավ աչքի ընկնել՝ իր հաշվին դուբլ գրանցելով և «Բորուսիա»-ի հաղթանակն ամրագրելով: Սեփական հարկի տակ ձեռք բերված այս հաղթանակից հետո 2-րդ տեղում ընթացող դորտմունդյան թիմը իր հաշվին ունեցած միավորների քանակը հասցրեց 71-ի, սակայն դեռևս բավականին հետ է մնում առաջատար «Բավարիա»-ից: