«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճկունություն ցուցաբերեն, այլապես…» Սոսո Ցինցաձե
«Վրաստանն ամեն կերպ պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի երկկողմ բանակցություններին ու շփումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն` անդրադառնալով Վրաստանի իշխանությունների դիրքորոշմանը ԼՂ քառօրյա պատերազմի ընթացքում: Ցինցաձեն ասաց, որ Վրաստանը ջանում է իր բոլոր հարևանների հետ խորը հարաբերություններ ունենալ:
Ըստ նրա՝ հենց այդ համատեքստում Վրաստանի համար ևս բարդ է, երբ իր երեք գործընկեր երկրները՝ Հայաստանն, Ադրբեջանն ու Թուրքիան, չկարգավորված խնդիրներ ունեն, ավելին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ ռազմական բախումներ են տեղի ունենում: Ցինցաձեն ասաց, որ Վրաստանը որևէ մեկին առավելություն չի կարող տալ, քանի որ բոլոր երեք երկրների հետ հարաբերություններն արժեքավոր են, և մի հարաբերությունը մյուսի հաշվին չի կարող լինել: Ավելին, վրացի փորձագետի համոզմամբ՝ պատերազմի չվերսկսման առաջին շահագրգիռ կողմը Վրաստանն է, քանի որ ցանկացած պատերազմ Վրաստանի հարևանությամբ առաջինը հարվածելու է Վրաստանին և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես` հաշվի առնելով նաև Վրաստանում առկա լուրջ ադրբեջանական ու հայկական ներկայությունը: «Ես վստահ եմ, որ պատերազմի դեպքում լուրջ զարգացումներ են սկսվելու նաև Վրաստանում, հենց դրանով էլ պայմանավորված էր ռազմական գործողությունների առաջին իսկ օրը Վրաստանի բարձր մակարդակի անդրադարձն իրավիճակին, ապա Անվտանգության խորհրդի նիստի հրավիրումն ու կողմերին Վրաստանում բանակցություններ վարելու առաջարկ անելը:
Իհարկե, երբ կա Մինսկի խումբը, այս առաջարկը ծիծաղելի ու անիրատեսական է թվում, բայց դա Վրաստանի հարևանների համար, վստահ եմ, լուրջ աջակցություն է, Ադրբեջանն ու Հայաստանը գիտեն, որ Վրաստանն իրենց կողքին է ու փոխզիջումային կարգավորման կողմնակիցը: Ղարաբաղյան գոտում և՛ կարգավորումը, և՛ պատերազմը, առաջին հերթին՝ անդրադառնալու են ողջ տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա, ինչն ակնհայտորեն վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի ջանքերի արդյունքում ավելի ու ավելի փխրուն է դարձել»,- ասաց Ցինցաձեն:
Վերջինիս համոզմամբ՝ ԼՂ հակամարտությունը վաղուց գուցե կարգավորված լիներ, եթե միջնորդներն անկեղծ ցանկություններ ունենային և իսկապես աջակցեին կողմերին` կարգավորել հակամարտությունը, իսկ Ռուսաստանը, նրա համոզմամբ, նման կողմ չէ, քանի որ անում է ամեն բան հակամարտության չկարգավորման համար: Այս իրավիճակում, նրա համոզմամբ, կողմերին չի մնում այլ բան, քան ճկունություն ցուցաբերել և շուտափույթ կարգավորել հակամարտությունը, այլապես այն կգնա ոչ իրենց ուրվագծած ճանապարհով, որը ողբերգական ավարտ կարող է ունենալ ողջ տարածաշրջանի համար: Ցինցաձեն ասաց, որ Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների համար, որը գուցե նոր թափ հաղորդի ողջ բանակցային գործընթացին: