«Պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր այդ սխալները թույլ են տվել». ՀՀԿ քարտուղարը՝ քառօրյա պատերազմի՝ իրենց սխալների մասին

«Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-5-ին, ընդամենն Ադրբեջանի ժողովրդին խաբելու նպատակ էր հետապնդում Իլհամ Ալիևի կողմից, խաբված ժողովուրդը ևս մեկ անգամ հիասթափվեց իր ղեկավարությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ սա ահաբեկչություն էր, որը կարելի է համեմատել միջազգային ահաբեկչության չափորոշիչների հետ. «Այս օրերին ազգային համախմբումը ժողովրդի մեջ ցույց տվեց՝ ողջ հայ ժողովուրդն անպարտելի է, ժողովուրդն ունի հզոր բանակ, բանակը ժողովրդական է ու մղում է միայն պատերազմ իր հայրենիքի պաշտպանության համար՝ այն, ինչ երբևէ չի արել ադրբեջանական ժողովուրդը՝ լինելով քոչվոր և անհայրենիք»:

Նա նշեց, որ միակ պետությունը, որ կանգնեց «ագրեսոր» Ադրբեջանի թիկունքում, դա Թուրքիան էր, որը հովանավորում էր ագրեսիայի սկսումը Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի հանդեպ:

«Ես կարծում եմ՝ այս գործում պատահականություններ չկան՝ թե՛ ժամանակի ընտրությունը, թե՛ ցեղասպանության ամիսը, կարծում եմ՝ Ադրբեջանի սուլթանը ցանկանում էր կայծակնային արագությամբ լուծել ԼՂՀ խնդիրը՝ հայ ժողովրդին հանելով իր պատմական երկրից ու հասնել մինչև Սյունիք, ու փորձել այդտեղ հրադադար հաստատել, դա նրան չհաջողվեց, ու ՀՀ և ԼՂՀ պաշտպանության բանակները պարտադրեցին Ադրբեջանին՝ մուրալ ևս երկրորդ անգամ խաղաղություն, հրադադարի ռեժիմ»,- նշեց ՀՀԿ քարտուղարը:

Գ. Մելիքյանը կարծում է, որ ոչ միայն ՀՀԿ-ն, այլև քաղաքական բոլոր ուժերը պետք է հետևություն անեն. «Որոշ քաղաքական, նույնիսկ չէի ասի՝ քաղաքական, ուժի ներկայացուցիչներ, որոշ անձեր փորձում էին շարունակել իրենց նստացույցն Ազատության հրապարակում: Մենք պետք է հետևություն անենք, որ բյուջետային ծախսերը շատ նպատակային օգտագործվեն, ժամանակն է պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր թերացել են իրեն պարտականությունները կատարելիս: Այս օրերը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն արժանի է ամենաբարձր մակարդակի վերաբերմունքի, բոլոր չինովնիկները, որոնք թերացել են իրենց աշխատանքում, պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Լրագրողի ճշտող հարցին՝ Դուք ընդունո՞ւմ եք, որ սխալներ են եղել ՀՀԿ-ի կողմից, Գ. Մելիքյանն այսպես պատասխանեց. «Ես ընդունում եմ, որ անսխալական ոչ մեկը չկա, ընդունում եմ, որ սխալներ և թերություններ եղել են, դեռևս կլինեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր այդ սխալները թույլ են տվել»:

Հարցին, թե ինչպե՞ս հնարավոր է այդքան ծախսեր ուղղորդել բանակին, բայց 80-ականների զենքով կռվել, ՀՀԿ քարտուղարը պատասխանեց, որ այդ հայտարարությունը համեմատության համար է ասվել, որ նույնիսկ 80-ականների զենքով մերոնք հաղթել են. «Սա չի նշանակում, որ մեր զենքերը միայն 80-ականների զենքեր են: «Սմերչը» նույնպես 80-ական թվականների զենք է»: Նա նշեց, որ մենք շատ ավելի հզոր զենքեր էլ ունենք, բայց դրանք շատ ավելի հզոր նպատակների համար են օգտագործվում. «Այն զենքերը, որ անհրաժեշտ է եղել, մենք օգտագործել ենք ու հաղթանակն ունեցել ենք՝ նույնիսկ 80-ական թվականների զենքով»:

Տեսանյութեր

Լրահոս