Բաժիններ՝

Ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողը առերևույթ պաշտոնեական կեղծիք է կատարել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սմբատ Կ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սմբատ Կ.-ն հաղորդում, այնուհետև բացատրություն է տվել այն մասին, որ 2016 թվականի մարտի 24-ին անձնական խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված «լիրիկա» տեսակի դեղահաբերն իրեն է վաճառել հիշյալ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակիցը:

Հետագայում Սմբատ Կ.-ն, ծանոթանալով իր անունից տրված բացատրության և հաղորդման բովանդակությանը, հաղորդում է տվել այն մասին, որ ինքն իրականում նման հաղորդում և բացատրություն չի տվել, իր անունից կազմված արձանագրությունը կեղծ է, իսկ փաստաթղթերի տակ դրված ստորագրություններն ու ձեռագիր գրառումներն իրեն չեն պատկանում:

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս