ԵՄ-ն չի կարծում, թե Թուրքիան է ԼՂ հակամարտության վերջին սրացումների նախաձեռնողը. Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ

«Եվրամիությունը չի կարծում, թե Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին սրացումների նախաձեռնողն է, ինչպես այդ մասին գրում էին ռուսական ԶԼՄ-ները: Թուրքիան Մինսկի գործընթացի մասնակից է, և մենք ականատեսն ենք այն բանին, թե ինչպես է այդ երկիրը Եվրոպայի մյուս երկրների հետ միասին, հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:

Նրա խոսքով՝ Եվրոպան ակտիվորեն ներգրավված է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, սակայն հայտարարել է, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Արևմուտքի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիայի օրերին ավելի պասիվ է եղել, քան Ռուսաստանի դիրքորոշումը:

«Բանն այն է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ու նրա անմիջական պարտականությունն է հանդես գալ հրադադարի երաշխավոր հակամարտող կողմերի միջև: Եվրոպան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր չէ: Եվրոպական երկրներից այնտեղ ներկայացված է ընդամենը Ֆրանսիան: Սակայն մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս