«Մեր դիմաց կանգնած է հակառակորդ, որն ունի լավ մասնագետներ, լավ սպառազինություն, բայց չունի լավ բանակ». Ժիրայր Սէֆիլյան
«Հստակ ժամանակն է Շահումյանն ազատագրելու: Մի հոգի է խանգարել մեզ առաջ գնալ, ազատագրել Շահումյանը, որտեղից էլ հակառակորդը մուտք է գործել Թալիշ: Իհարկե, մեր խնդիրն այս պահին գլխավոր խանին վերացնելը չէ, այլ երկրի պաշտպանությունը կազմակերպելը: Բայց, համախմբվելով այդ ոչ ադեկվատ անձի շուրջ, մենք ոչնչի չենք հասնելու, պետք է համազգային մեկտեղում լինի: Իսկ այս հարցը լուծելու համար վստահելի իշխանություն է պետք: Այսօրվա գլխավոր օրակարգը պետք է լինի՝ ձևավորել վստահելի կառավարություն: Գուցե հիմա Սերժը հասկանա՝ շատ ավելի լավ կլինի կամովին կազմակերպել իր հեռացման գործընթացը, քանի որ օրեր են մնացել, որ հայ ժողովուրդը պոռթկա: Ավելի լավ է, որ հեռացումը լինի առանց պոռթկումների և առանց ժողովրդի հուժկու հարվածի, այլապես մեր ժողովուրդը կարող է զարմացնել թիկունքում, այնպես, ինչպես հայ զինվորն աշխարհին զարմացրեց առաջնագծում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:
Նրա խոսքով՝ պատերազմից չպետք է վախենալ. «Մեր քանակով և զինվածությամբ հնարավորություն ունենք հակառակորդին ծունկի բերելու։ Մեր դիմաց կանգնած է հակառակորդ, որն ունի լավ մասնագետներ, լավ սպառազինություն, բայց չունի լավ բանակ։ Բանակին կոչ եմ անում` պահը եկել է չենթարկվելու վախկոտների պարտվողական հրամաններին: Բանակն ինքը պետք է թելադրող լինի»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Բեռլինում արած հայտարարությանը, թե մենք 80-ականների զենքերով ենք կռվում, ասաց, որ դա խայտառակություն էր ու բոլորիս ամոթը:
Վերջում Սեֆիլյանը տեղեկացրեց, որ հանդիպման առաջարկ է արել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ նշելով, որ մարտական գործողությունների և ծրագրերի հստակ առաջարկ ունի.
«Մենք ունենք ծրագիր, որն իրագործելով՝ շատ քիչ կորուստներով կարողանալու ենք ծնկի բերել հակառակորդին: Մինչ օրս, սակայն, նախարարից արձագանք չենք ստացել»: