Խնդիրներ կան Թուրքիայի քաղաքական գործիչների հետ, ում վարքագիծը համարում ենք ոչ ադեկվատ. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա «Ուղիղ կապի» ժամանակ, պատասխանելով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին հարցին, հայտարարել է, որ Ռուսաստանը խնդիրներ ունի միայն Թուրքիայի կոնկրետ քաղաքական գործիչների հետ, ում վարքագիծը Կրեմլը «ոչ ադեկվատ» է համարում:
Նա նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի հայտնվել ու չի հայտնվի «թշնամական օղակի» մեջ՝ պատասխանելով պաշտոնական Անկարայի հետ փոխհարաբերություններին վերաբերող հարցին:
«Թուրքիային մենք համարում ենք մեր ընկերը, իսկ թուրք ժողովրդին՝ մեզ բարեկամ ժողովուրդ, սակայն խնդիրներ կան քաղաքական գործիչների հետ, ում վարքագիծը համարում ենք ոչ ադեկվատ»,- ասել է Պուտինը
Այդուհանդերձ, ըստ ՌԴ նախագահի, հարկավոր է արձագանքել թշնամական գործողություններին: «Հակառակ դեպքում կնստեն մեր վզին ու կքշեն»,- ասել է Պուտինը:
Հարցին, թե ում կփրկեր Պուտինը՝ խեղդվող Էրդողանին, թե Պորոշենկոյին, Պուտինն ասել է, թե եթե «ինչ-որ մեկը որոշել է խեղդվել, նրան փրկելն արդեն անհնար է»:
«ՌԴ-ն պատրաստ է օգնության ու բարեկամության ձեռք մեկնել ցանկացած գործընկերոջ, եթե նա դա ցանկանում է»,- հայտարարել է Պուտինը:
Ինչ վերաբերում է Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների հանգստին վերաբերող հարցին, ապա Պուտինը պատասխանել է, որ Թուրքիայում երաշխիքներ չկան ռուսների անվտանգության համար: Նրա խոսքով՝ Թուրքիայի ղեկավարությունը կձգտի ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը, սակայն արդյո՞ք կկարողանա դա անել, մեծ հարց է:
«Թուրքիայի հարավում փաստացի քաղաքացիական պատերազմ է ընթանում»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ Թուրքիայի ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է արմատականների դեմ, որքան համագործակցում է նրանց հետ: