«Հայաստա՛ն, իմ սե՛ր». ԱՄՆ-ում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի պրեմիերան
Հինգշաբթի օրն ԱՄՆ Փասադենա քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրությունը կներառի նաև հարցուպատասխան ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Դիանա Անգելսոնի հետ, տեղեկացնում է latimes.com-ը:
Անգելսոնը նաև ֆիլմում մարմնավորում է հղի մոր կերպար, ֆիլմում կենտրոնական դերակատարներից է փոքրիկ տղան, ով մազապուրծ է եղել Ցեղասպանությունից և ով Միացյալ Նահանգներում հետագայում դառնում է հաջողակ նկարիչ: Նկարչի աշխատանքները պատկերում են նրա մանկությունը, ընտանիքը, թափառումները՝ դեպի իր հայրենի երկիր:
Անգելսոնի խոսքով՝ իր «Հայաստա՛ն, իմ սե՛ր» ֆիլմը, բացի այն, որ ցույց է տալիս հայերի տառապանքներն իրենց հայրենիքից տեղահանվելուց հետո, պարունակում է սիրո, հույսի, ուժի, համառության մեսիջներ:
Անգելսոնը հայտնել է, որ իրեն պարտավորված էր զգում Ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարել, քանի որ ճանաչում է շատ հայերի, և իր հայ բազմաթիվ ընկերների ընտանիքների պատմությունները կարիք ունեն ներկայացվելու:
Նշենք, որ ֆիլմում հանդես է գալիս նաև ճանաչված ամերիկաբնակ դերասանուհի Շաքե Թուխմանյանը: «Ես իսկապես շատ ուրախ եմ, որ այս ֆիլմի մաս եմ կազմում»,- խոստովանում է դերասանուհին, ով ֆիլմում մարմնավորում է Անուշ անունով կնոջ, ով ֆիլմի դերակատարներից մեծ մասի պես՝ կորցրել է իր ընտանիքի անդամներին ու տունը:
«Մենք շատ էինք հոգնել: Մենք ծարավ էինք, սակայն ոչինչ չի համեմատվի այն ժամանակ մարդկանց տառապանքների հետ»,- ասում է դերասանուհին անապատային տեսարաններում նկարահանումների մասին:
Լուսանկարում Դիանա Անգելսոնն է: