Հեղինակավոր Newsweek թերթն աշխարհին է ներկայացրել ԼՂ-ում ապրող երիտասարդների առօրյան
Ամերիկյան հռչակավոր Newsweek շաբաթաթերթը ապրիլի 12-ին լուսանկարների շարք է հրապարակել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին:
«Ավելի քան 20 տարի առաջ զենքերի աղմուկը լռեց Լեռնային Ղարաբաղում՝ Կովկասյան լեռների անտառածածկ սրտում»,- այսպես է սկսում Լեռնային Ղարաբաղին նվիրված իր հրապարակումը Newsweek-ը՝ նշելով, որ շուրջ 30 հազար մարդկանց կյանք խլած արյունալի հակամարտությունն ավարտվեց զինադադարի կնքմամբ:
Հոդվածում ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման հակիրճ նկարագրությունը, նշվում, որ բնակչությունը, որը էթնիկ հայեր են, Ադրբեջանի դեմ պայքարում է հանուն իր անկախության: Հաստատված զինադադարը խախտվել է բազմիցս, իսկ ամենավերջին դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ին: Հոդվածում ներկայացվում է նաև Սումգայիթյան ջարդերի պատմությունը:
Լուսանկարչի օբյեկտիվում հայտնվել են արցախցի դպրոցականը, ուսանողը, երիտասարդը, զինծառայողը: Լուսանկարներն արվել են Ստեփանակերտում, Շուշիում, Մատաղիսում, մարտական դիրքերում:
Ամսագիրն այսկերպ փորձել է մարդկանց ներկայացնել, թե իրականում ինչպես է ապրում միջազգային հանրության կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեծացող երիտասարդ սերունդն ու ինչ հետաքրքրություններ ունի: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը դեռ չի ճանաչվել հարևան երկրների կողմից:
Սփյուռքի հայ մեծահարուստներն օգնում են Լեռնային Ղարաբաղին՝ ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու երիտասարդների համար:
Լուսանկարներին կից տրված են նաև ընդարձակ մեկնաբանություններ: