Ասադն ու իր կինը քվեարկել են Սիրիայի խորհրդարանական ընտրություններում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ու նրա կինն այսօր Դամասկոսում քվեարկել են Սիրիայում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ամուսինները քվեարկել են «Ասադ» ընտրատեղամասում, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
Հիշեցնենք, որ այսօր Սիրիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժ.7:00-ին և կփակվեն ժ. 19:00-ին: Երկրում բացվել է 7300 ընտրատեղամաս: Բոլորն էլ բացվել են այն շրջաններում, որոնք գտնվում են Բաշար Ասադի վերահսկողության ներքո: Դա երկրի տարածքի մոտ մեկ երրորդն է, որտեղ ապրում է բնակչության մոտ 60%-ը:
Ինչպես հայտնում է The Associated Press-ը, ընտրությունները, որոնց առաջին անգամ թույլատրվել է զինծառայողների մասնակցությունը, անցկացվում են Սիրիայի 14 նահանգներից 12-ում: Ռաքքա նահանգը գտնվում է ԴԱԻՇ-ի, իսկ Իդլիբը՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալների վերահսկողության ներքո: