«Արցախի ժողովուրդը գիտի՝ ինչպես ապրել իր հողի վրա ու պայքարել դրա համար». հույն պատգամավոր

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելիի գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ վերջին ագրեսիան առաջինը չէր, սակայն հույս է հայտնում, որ դա կլինի վերջինը: Եռաբլուր զինվորական պանթեոնում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում հույն պատգամավորն ընդգծեց, որ զորակցում է այն մայրերին և երկրներին, որոնք այս օրերին կորցրել են իրենց երիտասարդ որդիներին:

«Նմանատիպ գործողությունները պետք է հանդիպեն աշխարհի դիմադրությանը, իսկ պատմությունն ի վերջո կդատապարտի: Եթե մենք չմոռանանք հոլոքոստը, ցեղասպանությունները, դրանք այլևս երբեք չեն կրկնվի, իսկ եթե մենք մոռանանք, նման հանցագործությունները կկրկնվեն բոլոր ժամակներում և բոլոր դարերում: Դուք ունեք իմ կուսակցության և հույն ժողովրդի աջակցությունը»,- նշեց Կանելին, ով Հունաստանի կոմունիստական կուսակցության անդամ է:

Նա ընդգծեց, որ ապրիլի 12-ին առաջին անգամ եղել է Արցախում՝ հասկանալու համար իրավիճակը: «Մենք անընդհատ լսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին: Տարբեր բաներ ենք լսել, բայց քանի դեռ սեփական աչքերով չես տեսնում, լիովին չես ընկալում: Երբ տեսնում և հասկանում ես այդ ամենը, արդեն կարող ես այդ ամենի մասին հրապարակավ խոսել, խոսել այդ մարդկանց իրավունքների մասին: Ես կարծում եմ, որ իրենց ապագայի համար պայքարող լավագույն ժողովուրդը սեփական հողում ապրող և այդ հողի համար պայքարող ժողովուրդն է: Իսկ ես այնտեղ տեսա, որ այդ մարդիկ գիտեն ինչպես ապրել իրենց հողի վրա: Այս ամենը հասկանալու համար դու պետք է լինես այնտեղ և տեսնես դա»,- ընդգծեց հույն պատգամավորը:

Խոսելով այն մասին, որ ինքն Արցախ այցելելու համար հայտնվել է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»՝ Կանելին ընդգծեց, որ 21-րդ դարում նման երևույթներն անթույլատրելի են: «Ես ունեմ ազատ տեղաշարժվելու իրավունք: Որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր՝ ես անթույլատրելի եմ համարում, որ որևէ երկիր անհանգստանա կամ նման որոշումներ կայացնի, երբ ես որևէ երկիր եմ այցելում»,- եզրափակեց նա:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ ընդծեց, որ առաջին անգամ հանդես են գալիս իրենց օտարերկրացի գործընկերներին Եռաբլուր զինվորական պանթեոն բերելու, ինչպես նաև նրանց Արցախ տանելու նախաձեռնությամբ: Ապրիլի 12-ին Եռաբլուր զինվորական պանթեոն է այցելել նաև Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը: «Ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին այցելության համար: Նրանք Արցախում էլ հայտարարեցին, որ այստեղ են՝ ցույց տալու համար, որ Արցախի ժողովուրդն իր պայքարում միայնակ չէ: Նրանք ցույց տվեցին, որ իրենք պաշտպ անում են Արցախի ժողովրդի արդար պայքարը: Ես պետք է նշեմ, որ նման պատվիրակություններ ավելի շատ են լինելու: Բոլոր պատվիրակությունները գալու են Եռաբլուր, այնուհետև գնալու են Արցախ, որովհետև դա է ճանապարհը: Մենք պետք է ավելի ակտիվ լինենք, ես սկսել եմ ինձնից և իմ բոլոր գործընկերներին հրավիրել եմ Հայաստան, որպեսզի գան, հարգանքի տուրք մատուցեն մեր հերոսների հիշատակին, այնուհետև գնան Արցախ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս