«Չկա ավելի լավ խաղաղարար, քան հայ զինվորը». Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է օտար զորքերի ներկայությանն Արցախում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Չկա ավելի լավ խաղաղարար, քան հայ զինվորը, և այս տարիների ընթացքում մենք ոչ մեկ անգամ և ոչ միայն՝ Հայաստանի կամ Արցախի տարածքում ենք ցույց տվել, որ հայ զինվորը շատ լավ խաղաղապահ գործունեություն կարող է իրականացնել»։

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ պատմությունը ցույց է տվել՝ բոլոր այն դեպքերում, երբ տարածաշրջան խաղաղապահներ են մտել, մենք տարածքային կորուստներ ենք ունեցել։

Ըստ նրա՝ «Ժառանգություն» կուսակցությունն ի սկզբանե դեմ է եղել Մադրիդյան սկզբունքներին, քանի որ, մի շարք պատճառներով, դրանք չեն հանապատասխանում մեր շահերին։ Մարտիրոսյանը նշեց, որ միասնությունը միշտ «Ժառանգության» շուրթերին է եղել, սակայն միասնությունը պետք է բովանդակային լինի. «Ազգային համաձայնություն չի կարող լինել, եթե ազգային համաձայնության մի մասը նորից այն չինովնիկները, օլիգարխները, ֆեոդալները, գեներալներն են, որոնց պատճառով տեղի ունեցավ այդ ամենը, որոնց պատճառով մոտ 8 տասնյակի հասնող զոհեր ունեցանք, որոնց թալանի, պետական ռեսուրսի մսխման պատճառով է, որ մենք այսօր համապատասխան ձևով պատրաստված չենք, որպեսզի Ադրբեջանը վախենար մի փոքր կրակոց արձակել, որոնց կատարած քայլերի արդյունքում է այս տարիների ընթացքում արտագաղթը նմանատիպ ծավալների հասել։

Իսկ արտագաղթը նշանակում է նաև՝ զինվորների բացակայություն, ռեզերվի բացակայություն։ Կողմ լինելով համախմբմանը, միասնությանը՝ այդ համախմբումը տեսնում ենք նաև բովանդակային իմաստով»։

Նա նշեց, որ Հայաստանում քաղաքական դաշտը, հասարակությունը պետք է միավորվեն, անհրաժեշտ է, որ երկրում ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, իշխանությունն ասեր, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված ընդդիմության առաջարկներն ընդունվում են։

«Այս պահին էր, որ Սերժ Սարգսյանն անմիջապես պետք է բանտերից ազատ արձակեր բոլոր քաղբանտարկյալներին, և այդ պարագայում էր, որ Հայաստանը կարող էր ուժեղանալ»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ տեղի են ունենում ներքաղաքական զարգացումներ, նախագահ Սերժ Սարգսյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումն այդ շրջանակներում էր, սակայն «Ժառանգության» համար կան անփոփոխ դրույթներ, մասնավորապես՝ Հայաստանը տնտեսապես զարգանալու հնարավորություն ունի, պետք է բացահայտվեն յուրացումները, գումարները ներդրվեն պաշտպանության բնագավառի զարգացման համար։

«Տեղեկատվությունը, որ ստանում ենք, թե ինչ է եղել ապրիլի 2-ին, ինչ զարգացումներ են հետևել դրան հաջորդող օրերին, մեզ պարզապես համոզում է այն բանում, որ մեր պաշտպանական դոկտրինը, մեր ներքին քաղաքականությունն արմատական վերանայման կարիք ունեն։ Եվ, վերջապես, Հայաստանին պետք չեն այսպիսի անողնաշար իշխանություններ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930