«Գազպրոմն» ու թուրքական ընկերությունները հարթել են գազի գնի շուրջ առաջացած վեճը
Թուրքական մասնավոր գազային ընկերությունները հաստատել են տարածված տեղեկություններն այն մասին, որ իրենց հաջողվել է հարթել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ունեցած գազի գնի վերաբերյալ վեճը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի երկու գազային ընկերություններին:
Ավելի վաղ իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել էր RIA Novosti-ին, որ «Գազպրոմն» ու թուրքական ընկերությունները կարգավորել են ռուսական գազի գնագոյացման շուրջ վիճահարույց հարցերը:
Աղբյուրի խոսքով՝ օրերս կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել գնագոյացման հարցերի շուրջ: Այլ մանրամասներ աղբյուրը չէր հայտնել:
Թուրքիայում, բացի Botas պետական ընկերությունից, «Գազպրոմի» հետ համագործակցում են նաև մի շարք մասնավոր ընկերություններ՝ Enerco Enerji, Avrasya gaz ու Akfel gas (բոլոր երեքն էլ մտնում են Akfel Holding-ի մեջ), Bosphorus gas, Shell
Turkey, Bati Hatti և Kibar Enerji:
2015 թվականի ապրիլի վերջին «Գազպրոմը» այդ ընկերությունների հետ արդեն պայմանավորվել էր 10,25 տոկոսանոց գազային զեղչի տրամադրման մասին: