Բակո Սահակյանը հանդիպել է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Հանդիմանը քննարկվել են պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին համայն հայությունը ցուցաբերել է օրինակելի միասնականություն, բարձր հայրենասիրություն եւ անձնվիրություն` ընդգծելով այս գործընթացում Հայ առաքելական եկեղեցու կարեւոր դերակատարությունը:
Երկրի ղեկավարը արժեւորել է Ամենայն Հայոց եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսների այցն Արցախ`նշելով նրա պատմական լինելը հոգեւոր, քաղաքական եւ մատաղ սերնդին հայեցի դաստիարակության տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրագույն հոգեւորական դասի մի խումբ ներկայացուցիչներ: