Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը գրեթե անխուսափելի է. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը գրեթե անխուսափելի է: Այս մասին նա հայտարարել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են: Այդ մասին շատ լավ գիտեն կլանների և օլիգարխների ներկայացուցիչները ու այդ պատճառով շատ են նյարդայնանում»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Ընդ որում՝ նա չի կարողացել ասել, թե դա հատկապես երբ տեղի կունենա:
«Կլինի դա 2 ամիս անց, թե 6, համենայն դեպս, դա ցանկացած դեպքում տեղի կունենա: Այսօր մարդիկ, որոնք իմ շուրջն են հավաքվել, հնարավորություն ունեն Ուկրաինայում ցանկացած ընտրությունում հաղթանակել:
Դա շատ լավ գիտեն կլանների և օլիգարխների ներկայացուցիչները ու այդ պատճառով էլ շատ են նյարդայնանում: Նրանց ողջ քարոզչությունն ուղղված է իմ դեմ: Մենք ունենք ժողովրդի աջակցությունը»,- հայտարարել է Սաակաշվիլին: