Բաժիններ՝

Երկրները պետք է նորից սովորեն ապրել խաղաղ և հարգել միմյանց. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար

Հակամարտությունների աճի և բռնի ծայրահեղականության պայմաններում միջազգային հանրությունը պետք է նորից սովորի ապրել խաղաղության մեջ և հարգել միմյանց: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրված թեկնածուների լսումների ժամանակ՝ նա հայտարարել է, որ խորապես հավատում է մարդկության առաջ ծառացած խնդիրների լուծման բազմակողմ մոտեցմանը:

Նրա խոսքով՝ անցած տարի ՄԱԿ-ը տոնել է հիմնադրման 70-ամյակը, սակայն հիմա հանրության առաջ ծառացած են նոր մարտահրավերներ՝ հակամարտություններ, ծայրահեղականության աճ, մշակութային ժառանգության ոչնչացում: Ինչպես նշել է Բոկովան, այդ երևույթների հետևում կանգնած ապակառուցողական ուժերը «ցանկանում են մեզ համոզել, որ մենք չենք կարող ապրել միասին»:

«Կարծում եմ՝ դա անթույլատրելի է: Որպես մարդ, ով համոզված է բազմակողմ մոտեցման ճշմարտացիության մեջ, կարծում եմ, որ ՄԱԿ-ն այսօր պետք է խաղադրույք կատարի հակամարտությունների կանխարգելման, հաշտեցման, երկխոսության և դիվանագիտության վրա: Կարծում եմ, որ այն, ինչ մեզ այսօր հարկավոր է, նորից միասին ապրել սովորելն է և իրար հարգելը»,- ասել է Բոկովան:

Նա վստահեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու դեպքում հանդես կգա մարդու իրավունքների պաշտպանության օգտին, քանի որ դա համարում է «բարոյական պարտք ու կարևոր պատասխանատվություն»:

Նա նաև հայտարարել է գենդերային հավասարության հարցում իր հաստատակամ դիրքորոշման մասին՝ նշելով, որ 21-րդ դարը «սեռերի հավասարության դար է», առանց որի անհնար է հասնել խաղաղության կամ կայուն զարգացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս