Վանաձորի ազատամարտիկների պանթեոնից կրկին գողություն է կատարվել
asparez.am-ը գրում է. 2014թ-ի օգոստոսի 1-ին զոհված վանաձորցի հերոսի՝ Զորիկ Գեւորգյանի քույրը ահազանգում է. իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսների գերեզմաններից կատարվող գողության դեպքերը շարունակական բնույթ են կրում: Մասսայական գողության հերթական դեպքը գրանցվել է երեկ՝ ապրիլի 10-ին: Գողության դեպքն առաջինը նկատել ու ահազանգել է զինվորական ծառայության ժամանակ զոհված զինվորներից մեկի՝ Տիգրան Սիմոնյանի մայրը: Ավելի ուշ պանթեոն այցելած հերոսների հարազատները պարզել են՝ գողացել են մի քանի զոհվածների գերեզմանների արհեստական ծաղկեփնջերը:
«Հիմա, երբ ողջ ազգը մի բռունցք է դարձել, երբ բոլորս ամեն վայրկյան խաղաղություն ենք երազում մեր երկրի համար, աղոթում ենք սահմանին կանգնած մեր տղերքի համար ու փառք տալիս մեր հերոս տղերքին, որ ընկան դաշտում… հայի բացառիկ տեսակ անաստված սողունը նորից իր ձեռքերն է երկարացրել դեպի Վանաձորի պանթեոնը ու մեծ «ավարով» հանգիստ խղճով հեռացել…»,- գրել է Զ. Գեւորգյանի քույրը՝ Անին ֆեյսբուքյան իր էջում:
Մի քանի ամիս առաջ ոճրագործները պանթեոնից ոչ միայն ծաղկեփնջեր էին գողացել, այլեւ Տիգրան Սիմոնյանի գերեզմանի կանաչ արհեստական գորգը: Ընտանիքի անդամները դիմել էին ոստիկանություն, որը սակայն, արդյունք չի տվել:
«Նախորդ անգամ ոստիկանությանը դիմելուց հետո ոչինչ չփոխվեց, գործը կասեցվեց բավարար ապացույցներ չունենալու պատճառով: Իսկ եթե ծաղիկներին հոսանք միացվի ու ձեռքը երկարողը տեղում «չորանա», կամ եթե դու քո ձեռքերով բռնես ու կտոր-կտոր անես էդ սողուններին, կհամարվես մարդասպան ու քեզ ցմահ կդատապարտեն: Իսկ այն, որ քո հոգին են ամեն անգամ կտոր-կտոր անում, դա ոչինչ, այն, որ մեր տղերքին գոնե պանթեոնում հանգիստ չեն թողնում, դա ոչինչ…»,- վրդովվում է Անին:
Ինչպես նախորդ, այս անգամ եւս զոհվածների հարազատները խնդրում ու միեւնույն ժամանակ պահանջում են իրավասումարմիններից՝ ապահովել պանթեոնի պահպանությունը, գիշերայաին լուսավորություն անցկացնել ու հերթապահություն սահմանել այդ տարածքում:
«Դուք չեք տեսնում որդեկորույս մայրերի վիճակը, բայց ես ամեն օր եմ տեսնում, թե պանթեոնում ինչպես են մղկտում… Մի՞թե քիչ է այս ցավը, հիմա էլ դատարկ ծաղկամանները տեսնելիս սպանվե՞ն»,- ամփոփում է Անին: