«Համոզված եմ, որ մի գեղեցիկ օր էլ այդ միասնությանը կմիանա մեծարգո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը». Շարմազանով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀԿ-ում եւ ՀԱԿ-ում այս օրերին «մե սեր, մե ուրախություն» է տիրում Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո, որ շարժել է անգամ ամիսուկես առաջ ՀՀԿ-ի հետ «ամուսնացած» ՀՅԴ-ի խանդը: Ազգի վիճակը սրտներին ծանրացած ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ն օր ու գիշեր միմյանց են զանգում, ազգի վիճակը քննարկում: Դեռ նախորդ քառօրյային խորհրդարանի բարձր ամբիոնից Լեւոն Զուրաբյանի հետ հրապարակավ «ջան-ջիգյարի» մեջ մտած ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրինք. նորոգ սիրահար ՀՀԿ-ում ինչպե՞ս են վերաբերվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ անհրաժեշտություն չի տեսնում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:

«Նախ` կատեգորիկ դեմ եմ Ձեր ոչ քաղաքական ձեւակերպումներին` ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի մասով, դա քաղաքական համագործակցություն է, առավել ստույգ` ազգի մեկտեղման խիստ կարեւոր նախադեպ, երբ առաջին նախագահն առաջինը քայլը կատարեց, դրսեւորելով նախագահին, պետական մարդուն հատուկ կեցվածք: Ասեմ նաեւ՝ իմանաք, որ ազգը միավորելը նաեւ Սերժ Սարգսյանի նպատակային ծրագիրն է, եւ մենք բարձր ենք գնահատում Տեր-Պետրոսյանի այդ կեցվածքը, միայն իրական պետական գործիչը կարող է մի կողմ դնել բոլոր կարգի նախկին ու ներկա տարաձայնությունները եւ միասնության նման կոչ անել: Համոզված եմ, որ մի գեղեցիկ օր էլ այդ միասնությանը կմիանա մեծարգո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` իր հերթին ազգային միասնականությամբ վարակելով բոլորին. Աստված սիրում է երրորդություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս