«Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին». ԼՂՀ վարչապետ

Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 12-ին այցելել է Մարտակերտ քաղաք և տեղում անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետևանքով շրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը:

Վարչապետին զեկույցների տեսքով ներկայացվել է Մարտակերտ քաղաքում, ինչպես նաև Մատաղիս և Թալիշ բնակավայրերում թշնամու կողմից ապրիլյան արկակոծության հետևանքով տուժած առանձնատների, ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ գույքի և տեխնիկայի մասով բնակիչների ունեցած վնասների մասին ամփոփիչ մանրամասներ:

Ա. Հարությունյանը նշել է, որ կառավարության կողմից արդեն ինտենսիվ աշխատանքներ են սկսվել, և օրեր անց Մարտակերտ քաղաքում հիմնականում վերականգնված կլինեն բնակիչների կրած վնասները, իսկ կենցաղային գույքի և տեխնիկայի մասով կտրվեն համապատասխան փոխհատուցումներ:

«Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին, և դրա համար մենք ջանք ու եռանդ չենք խնայելու: Այդ կապակցությամբ ուզում եմ կոչ անել Մարտակերտի մեր բոլոր հայրենակիցներին անցնել իրենց բնականոն կյանքին: Հավատացնում եմ, որ սահմաններն ամուր են, և մեր բանակի հասցրած հարվածից թշնամին դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը:

Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պետական բոլոր այն ծառայողներին, ովքեր ճգնաժամային ժամանակահատվածում մնացել են տեղում և բարեխիղճ կատարել իրենց ծառայողական պարտականությունները:

Գործադիրի ղեկավարը այցելել է նաև Մարտակերտի բուժմիավորում, հանդիպել բուժանձնակազմի հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և շնորհակալություն հայտնել անձնակազմին՝ ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնվիրության համար:

Arayik Harutyunyan-Martakert

Arayik Harutyunyan-Martakert1

Վարչապետն այնուհետև ուղևորվել է առաջնագիծ, եղել հանրապետության հյուսիսային թևում տեղակայված և թեժ մարտերի թիրախ դարձած դիրքերից մեկում: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է զինվորների ծառայությամբ և շնորհակալություն հայտնել նրանց՝ գործած սխրագործությունների և հայրենիքի սահմանն անառիկ պահելու համար:

Ա. Հարությունյանը այցելել է նաև «Բեյզ Մեթալս» ընկերության կողմից շահագործվող Կաշենի հանքավայր և ծանոթացել հանրապետության արդյունաբերության առաջատարի գործունեությանը: «Ուրախ եմ, որ անկախ վերջին օրերի լարված իրավիճակից՝ այս մեծ ձեռնարկությունը շարունակել է իր աշխատանքը՝ երաշխավորելով տնտեսության բնականոն առաջընթացը: Մեր տնտեսությունը պետք է աշխատի, և ոչինչ չի կարող խանգարել Արցախի զարգացմանը»,- ասել է վարչապետը:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս