ԵԱՀԿ եռյակը կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը ԼՂ հակամարտության գոտում

ԵԱՀԿ եռյակի (կազմակերպությունում նախկին նախագահող երկիր Սերբիա, ներկա նախագահող Գերմանիա և հաջորդ նախագահող Ավստրիա) արտաքին գործերի նախարարների` Բեռլինում կայացած հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին: Ինչպես տեղեկացնում են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից՝ նախարարներ Իվիցա Դաչիչը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Սեբաստիան Կուրցը կոչ են արել կողմերին դադարեցնել բռնությունները և խստորեն պահպանել հրադադարը: Նրանք ևս մեկ անգամ ընդգծել են, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

«Նրանք համաձայնել են, որ լարվածության թուլացումը և քաղաքական գործընթացի մեկնարկը խիստ կարևոր են: Նրանք նաև ողջունել են Մինսկի խմբի` ապրիլի 5-ի հայտարարությունը և ընդգծել, որ լիովին աջակցում են խմբի ու նրա համանախագահների ջանքերին»,- ասված է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ:

Եռյակը կշարունակի ուշադիր հետևել տեղում զարգացումներին և առաջ մղել քաղաքական գործընթացը: ԵԱՀԿ եռյակի հանդիպմանը մասնակցել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը:

Տեսանյութեր

Լրահոս