10 դրամի ուժը

Տոնականյան Համլետինա Համլետի՝ 10 դրամ։ Այսքան է փոխանցել տիկին Համլետինան Արցախի համար՝ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին։ Միգուցե սա վրիպակ է, մեկ կամ մի քանի զրո պակաս է, սակայն ապրիլի 7-ի դրությամբ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված՝ հանգանակված գումարների մասին տեղեկանքում նշված է հենց այս թիվը։

Բայց եթե անգամ վրիպակ չէ, եթե ճիշտ է, ապա 10 դրամ փոխանցման մասին խոսելիս՝ ոչ թե պետք է ասել «ընդամենը», այլ «մի ամբողջ»։ Ու սա ամենևին հեգնանք չէ:

Տեսեք, ապրիլի 7-ի դրությամբ ԼՂՀ արտաբյուջետային հաշվին հավաքվել էր ընդհանուր առմամբ 891.5 մլն դրամ, 63.7 հազար դոլար, 1938 եվրո և 11.2 մլն ռուսական ռուբլի։ Այսինքն՝ շուրջ 1 շաբաթում Արցախի արտաբյուջետային հաշվին հավաքվել էր շուրջ 2 մլն դոլար։

Ամենախոշոր փոխանցում կատարողը «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 550 միլիոն դրամով, երկրորդ տեղում նույն «Գազպրոմ-Արմենիայի» կազմի մեջ մտնող «Տրանսգազ» ՍՊԸ-ն է՝ 57 մլն դրամ։ Թվով 6 հոգի փոխանցել են 1000-ական դրամ։ Շուրջ 40 հոգի՝ 5000 դրամ։
Շա՞տ է 2 միլիոն դոլարը, թե՞ քիչ։ Այս հարցին դժվար է պատասխանել ու երևի՝ պետք էլ չէ պատասխանել։

Փորձագետ Աշոտ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում այս հարցը դիտարկել էր ոչ թե՝ ընդհանուր գումարի տեսանկյունից, այլ՝ մասնակցության։ Արտաբյուջետային հաշվի տվյալները մշակելով և համադրելով այդ պահին առկա բոլոր փոխանցումները՝ 753 հատ (բաց թողնելով միայն 3 ամենամեծ փոխանցումները՝ «Գազպրոմի» երկու փոխանցումն ու ռուսաստանյան «Պրոմեթեյ» ընկերության 10 մլն ռուբլին), նա ստացել էր այս գծապատկերը։

Գծապատկերով Ա. Խուրշուդյանը ցանկացել էր ցույց տալ, իր իսկ ձևակերպմամբ, մարդկանց ուժը, այն, որ մասնակիցների քանակը կարևոր է, ու փոքր փոխանցումներ անողները պակաս կարևոր չեն, քան մեծերը։ «Շատերը պնդում են, թե փոքրերի ուժն ուժ չի։ Իրականում այդպես չի՝ 1000 դրամն էլ է մեծ օգնություն։ Միայն մի ցուցանիշ ասեմ՝ մինչև 100,000 դրամ փոխանցում արածների ընդհանուր գումարը կազմում է 20 միլիոն դրամ՝ 485 փոխանցում։ Մինչդեռ Սարգսյան Ալեքսանդրը փոխանցել է 15 միլիոն դրամ։ Ու ես նրանից էլ եմ շնորհակալ, սա հեգնելու կամ չգիտեմ ինչի համար չեմ գրել, սա գրել եմ, որ հասկանանք փոքր մարդկանց մեծ ուժն ու հնարավորությունը»,- գրել էր Ա. Խուրշուդյանը՝ ավելացնելով, որ չպետք է մտածել ու սպասել, որ փոքրաքանակ մեծահարուստներն են մեր խնդիրները լուծելու։

Այսինքն, Տոնականյան Համլետինայի փոխանցած 10 դրամն իր կարևորությամբ չի զիջում նրանից 10000 անգամ ավելի գումար փոխանցածներին։ Ավելին, ամսական 100 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդու կողմից փոխանցված 1000 դրամն ավելի տպավորիչ է, քան միլիոնատեր օլիգարխի ուղարկած 1000 դոլարը։ Ճիշտ է, թեման շատ նուրբ է, ու այս պարագայում պետք չէ փողեր հաշվել և մեղադրել ոմանց՝ շատ կամ քիչ փոխանցելու համար. ով որքան ցանկացել է, այնքան էլ փոխանցել է։ Սակայն, որքան էլ փորձենք հարցին այլ տեսանկյունից նայել, միևնույն է՝ այս ցանկը մարդկանց մոտ հակասական զգացողություններ է առաջացնում։

Որքան էլ փորձենք այդ մասին չբարձրաձայնել, բոլորս էլ ցանկում առաջինը գտնում ենք այն մարդկանց անունները, ովքեր մեր ընկալման մեջ միլիոնատերեր են։ Գտնում ենք պատգամավորներ ու կառավարության անդամներ, որոնց դրամական եկամուտների չափը (իրենց իսկ կողմից լրացված պաշտոնական հայտարարագրերի համաձայն) մի քանի միլիոն դոլար է։

Ու նրանք փոխանցել են 500-600 հազար դրամ։ Իրենց եկամտի 0.1%-ից քիչ։ Ճիշտ է, հնարավոր է՝ նրանք նաև այլ եղանակներով են օգնություն ցույց տվել Արցախին, որը տվյալ փաստաթղթում արտացոլված չէ, բայց ամեն դեպքում… Որքանով հետևել եմ սոցիալական ցանցերի գրառումներին, մեր համաքաղաքացիներն այդ հարցում դեռևս զուսպ են։ Հրապարակային մեղադրանքներ չեն հնչում ոմանց հասցեին, թե՝ ամոթ չէ՞, որ ընդամենը 600 հազար եք փոխանցել։ Բայց բոլորս էլ գիտենք. այդ հարցն անցնում է ցանկն աչքի անցկացնող յուրաքանչյուրի մտքով։

Ավելին, արդեն իսկ մի տհաճ պատմություն եղավ՝ ցանկի հետ կապված։ Օրինակ, «Գազպրոմ-Արմենիան» հայտարարել էր, որ իրենց 7000 աշխատողները իրենց 1 ամսվա աշխատավարձը փոխանցել են Արցախին՝ 1 մլրդ 200 մլն դրամ։ Ցանկում, սակայն, ընկերության փոխանցած ընդհանուր գումարի չափը շուրջ 600 մլն դրամ է («Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն է՝ 550 միլիոն դրամով, «Տրանսգազ» ՍՊԸ՝ 57 մլն դրամ):
Սա առիթ էր դարձել, որ մեր լրատվամիջոցներից մեկն ընկերությանը մեղադրեր խաբեության մեջ։

Սակայն Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը պարզաբանել էր, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը 600 միլիոն դրամ փոխանցել է Կառավարության արտաբյուջետային հաշվին, ևս 600 միլիոն էլ՝ ազատամարտիկների հաշվին: Այսինքն՝ Արցախի վարրչապետը հաստատել էր, որ ընդհանուր առմամբ ընկերությունը փոխանցել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ գումար: «Այն, ինչ հրապարակվել է, դա կառավարության արտաբյուջետային հաշիվն է, իսկ մենք ունենք Ազատամարտիկների միություն, որն ունի իր առանձին հաշիվը: Ընկերությունը գումարի կեսն էլ փոխանցել է այդ հաշվին՝ հատուկ ազատամարտիկների ընտանիքներին աջակցելու և սոցիալական խնդիրներ լուծելու համար»։

graph-004

Իհարկե, տհաճ է, որ նման պատմություն եղավ, սակայն կարելի է հասկանալ՝ բոլորի նյարդերը գերլարված են, բոլորը գերզգայուն են։

Սակայն այս հարցն ավելի խորությամբ դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ ցավալին ոչ թե գումարի շատ կամ քիչ լինելն է, այլ այն, որ ընդհանրապես նման ցանկի կարիք ունենք։ Իհարկե, ցանկացած ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում անգամ աշխարհի ամենահարուստ երկրներում կարող են հանգանակություններ կազմակերպվել՝ այդ պահին որոշ խնդիրներ լուծելու համար։ Սակայն մեր խնդիրներն ավելի խորն են, ու դրանք պետք է լուծվեն ոչ թե՝ նվիրատվություններով, այլ՝ տնտեսության հզորացմամբ։

Վերջին օրերին այս թեման շատ է շոշափվել։ Հայաստան-Իսրայել համեմատությունները ողողել են ամբողջ համացանցը։ Կարևորը՝ այս անգամ արդյունք լինի։

Ու այս հարցում երկար-բարակ վերլուծությունների ու բարդ դեղատոմսերի կարիք չկա։ Ինչպես շատ դիպուկ ձևակերպել էր նույն Աշոտ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում՝ մեր ամենաասիմետրիկ պատասխանն Ադրբեջանին կլինի ժողովրդավարական երկիր դառնալը։
Արդյունքը շատ արագ կերևա։ Իհարկե, չի բացառվում, որ այդ ժամանակ էլ ինչ-ինչ հարցերով հանգանակություններ կկատարվեն։ Սակայն երկիրը դրանից կախված չի լինի։

Տեսանյութեր

Լրահոս