Հոգևորականները գնացել են առաջնագիծ

Արարատի մարզի մի շարք հոգեւորականների նախաձեռնությամբ առաջնագծում գտնվող զինվորների ու կամավորների համար հավաքված օգնությունը երեք սառնարան- մեքենաներով օրերս Արցախ հասցրեցին Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը, Տեր Միքայել քահանա Նուրջանյանը, Տեր Դավիթ քահանա Սահակյանը, ճանապարհին նրանց միացած Առինջի եկեղեցու սպասավոր Նարեկ սարկավագ Հակոբյանը: Հոգեւորականների հետ էր նաեւ Դալարի գյուղապետ Գագիկ Ալեքսանյանը:

Ստեփանակերտում հոգեւորականները բաժանվել են Մարտակերտ-Մարտունի ուղղությամբ, ապա հանդիպել զորամասերի հրամատարական կազմի, զինվորների հետ: Առաջնագծում նրանք կատարել են զինվորների օրհնության կարգ, պահպանիչ աղոթք ուղղել Առ Աստված:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դալարի գյուղապետ Գագիկ Ալեքսանյանն ասաց, որ ինքը քսան տարի առաջ կռվել է, եւ հիմա էլ պատրաստ է պապենական ազատագրված հողերի պաշտպանությանը: Գյուղապետ-ազատամարտիկն ընդգծեց, որ հիացած է հայ զինվորների պատրաստականությամբ, անկոտրում կամքով ու ոգով, ինչպես նաեւ անուրանալի խիզախությամբ:

Տեր Դավիթ քահանա Սահակյանի փոխանցմամբ` զինվորները նշել են, որ ապահովված են ամեն ինչով: «Նրանք կարեւորեցին ոչ թե սննդամթերքն ու հագուստը, այլ այցելությունները եւ ասացին, որ այս ձեռքսեղմումը կրկնապատկում է իրենց վճռականությունը, ուժը, նաեւ`պարտավորեցնում»,-նշեց նա:

Տեր Դավիթ քահանա Սահակյանը օրհնության կարգ կատարելուց հետո զինվորներին եւս մեկ անգամ խրախուսել է Սարդարապատի դրվագներով, Ավարայրով, նշել այն հերոսների անունները, որոնք նահատակվեցին վասն հայրենյայց` չմոռանալով նաեւ այդ օրերին հայրենիքի պաշտպանության համար նահատակված զինվորներին:

Ծանրոցների, արկղների հետ հոգեւոր հովիվները զինվորներին հանձնել են նաեւ սաղմոսների, աղոթքների հրատարակություններ, մաղթանքներ` գրված աշակերտների ձեռքով:

Նախաձեռնությանը մարզում մասնակցել են նաեւ Մասիսի համայնքների հոգեւոր հովիվներ Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, այլք:

Լիլիթ Մաճկալյան

Տեսանյութեր

Լրահոս