Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցադրում անելու նախադրյալներ չկան. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման շուրջ հարցադրումներ անելու նախադրյալներ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հարցազրույցը A Haber հեռուստաընկերությանը:
«Հարցազրույցում ևս մեկ անգամ կրկնվել են ռուսական ռազմական ինքնաթիռի նկատմամբ Անկարայի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ թուրքական հայտնի պատճառաբանությունները: Միաժամանակ, հերթական անգամ խեղաթյուրվում են ակնհայտ փաստերը: Մեզ հայտնի չէ թուրքական իշխանությունների կողմից հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ քայլ, ինչպես վստահեցվում է հարցազրույցում»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է ռուսական գերատեսչության պաշտոնական կայքում: